Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր երկրի, տարածաշրջանի զարգացումները պահանջում են, որ մեր մտածողությունը փոփվի. պետք է հասկանանք` մեր երկիրն այլևս չունի թիկունք, սահման, առաջին գիծ կամ հետին գիծ. «Ազգ-բանակ» համաժողովի ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նա նշեց, որ մենք երկար տարիներ և քայլ առ քայլ գնում ենք` «Ազգ-բանակ» կարգախոսին ընդառաջ: «Անկախության ձեռք բերումից հետո վերջին 20 տարիների մեր պատմությունը և անկախ Հայաստանի կրթական համակարգը սկսեցին կանգնել կարևոր մի հիմնահարցի առջև` ինչպիսի՞ կրթություն ենք ուզում ունենալ, ի՞նչ ձևաչափով ենք նոր պայմաններում առաջ տանելու մեր անկախ մտածողությունը: Վազգեն Սարգսյանի ժամանակ առաջին անգամ էր, որ սկսեցինք մտածել` ի վերջո, մեզ պակասում է հենց ռազմահայրենասիրական դաստիարակությունը: ՀՀ նախագահի գործուն միջամտությամբ` 1990-ականների վերջին գաղափարախոսությունը գործնական քայլերի վերածվեց, և մենք կարողացանք «Ազգ-բանակ» գաղափարախոսության առաջին հիմքը դնել ՀՀ կրթական համակարգում: Ցանկացած երկրի կրթական համակարգ ծառայում է այդ տեսակի շարունակականության ապահովմանը, և ՀՀ կրթական համակարգի հիմնական նպատակն էլ հայի տեսակի շարունակականության ապահովումն է»,- ասաց Մկրտչյանը` հավելելով, որ տարիների ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել` դպրոց է վերադարձվել «Ռազմագիտություն» առարկան: «Եվ այսօր կարող ենք ասել` ունենք շատ ամուր բանակ-դպրոց կապ, ունենք հայրենասիրական կրթության քաղաքականությունն իրականացնող պրոֆեսիոնալ կազմ, և այսօր հասել է պահը, որ խոսենք հաջորդ փուլին անցնելու մասին»,- նշեց ԿԳ նախարարը:
Ըստ նրա` «Ռազմագիտություն» առարկայի ուսուցիչների հետ պետք է քննարկեն և հասկանան, թե, բացի մեր ձեռքբերումներից, ազգ-բանակ գաղափարախոսության համար ինչ նոր մեթոդոլոգիաներ են հարկավոր, ինչպես անել, որ «Ռազմագիտություն» առարկան իսկապես ծառայի իր նպատակին և չդառնա ձևական: Մկրտչյանի համոզմամբ` կարևոր է մեկ բան` ուսուցիչներն ու տնօրենները պետք է հասկանան` դպրոցներն ունեն մեծ առաքելություն, հատկապես` Հայաստանի պարագայում, քանի որ մեր երկիրն այնքան փոքր է, որ չկան թիկունք և սահման հասկացությունները, այդ պատճառով պարտավոր ենք կրթական համակարգում չափորոշիչներ ունենալ:
«Ի վերջո, ցանկացած կրթական համակարգ ձևավորվում է 3 հիմնական բաղադրիչներից` գիտելիք, այդ գիտելիքը կյանքում գործադրելու հմտություն և քաղաքացիական պատասխանատվություն: Առաջիկայում պետք է կարողանանք մեր ուսումնական հաստատություններն ապահովել համապատասխան տեխնիկական լուծումներով, վերապատրաստել մեր ուսուցչական կազմին, բայց ամենակարևոր փոփոխությունը, սիրելի' մանկավարժներ, մենք պետք է կարողանանք մեր մեջ կատարել: Մեզ վրա է դրված մեր երկրի ապագան ապահովելու առաքելությունը, և եթե մենք չփոխենք մեր գործելաոճը, մեր մոտեցումները, կստանանք գեղեցիկ հայեցակարգ, որը դժվար կլինի իրականացնել: Մենք ունենք ՀՀ նախագահի բացարձակ հովանավորությունն ու կանաչ լույս` այս ուղղությամբ գնալու, ունենք անհրաժեշտ նյութական ռեսուրսներ, և եթե գործնական մի քանի ծրագրեր էլ իրականացնենք, ապա վստահ եմ, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում մեր կրթական համակարգում կունենանք լուրջ արդյունքներ»,- ասաց ԿԳ նախարարը:
Նա հավելեց նաև, որ մենք պետք է մեր երեխաներին հիշեցնենք` ավելի բարձր մասնագիտություն, քան սպայի մասնագիտությունն է, չկա, սա ազնվական դասի առաքելությունն է: