Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվայում կայացավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի բանակցությունները Սիրիայի ճգնաժամի շուրջ: Առայժմ հայտնի չեն բանակցությունների արդյունքները, սակայն ուշագրավ է, որ հանդիպումը նկատելիորեն կարճ է տևել, իսկ դրանից հետո երկու գերտերությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդես չեն եկել համատեղ ասուլիսով: Աշխատանքային օրվա վերջում միայն հայտնի դարձավ, որ Լավրովին և Թիլերսոնին կընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Թեև վերջինս որոշակի թույլ լավատեսության հիմքեր է տալիս, սակայն բանակցությունների շուրջ առկա ընդհանուր տեղեկատվական հոսքերը թույլ են տալիս ենթադրելու, որ ի սկզբանե չափազանց ծանր բնութագրվող Թիլերսոն-Լավրով հանդիպումը եղել է անարդյունավետ, կամ այնպիսի առաջարկներ են դրվել սեղանին, որ դիրքորոշումների ճշգրտման անհրաժեշտություն է առաջացրել:
Ինչպես հայտնի է՝ ԱՄՆ-ն Սիրիայի նախագահ Ասադին մեղադրել էր անցած շաբաթ Իդլիբում այսպես կոչված «չափավոր ընդդիմության» և խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու մեջ: Թեև դա հաստատող փաստեր Վաշինգտոնը չներկայացրեց, սակայն հրթիռակոծության ենթարկեց Հոմսի ռազմական օդանավակայանը, որտեղից քիմիական զենքի կիրառման օրը հարվածային թռիչքներ էին իրականացրել Սիրիայի ռազմաօդային ուժերը: Պաշտոնական Մոսկվան այդ քայլը որակեց որպես առանց ՄԱԿ-ի ԳԽ համաձայնության սուվերեն երկրի՝ Սիրիայի դեմ իրագործված ագրեսիա և միջազգային իրավունքի բացահայտ խախտմում, որտեղ քիմիական զենքի կիրառման մեղադրանքն ընդամենը պատրվակ է: Վաշինգտոնը, Ռուսաստանի նման դիրքորոշումը գնահատեց որպես Ասասդի ռեժիմի կողմից իրականացված հանցագործության պարտակում՝ սպառնալով Սիրիայի նախագահին օժանդակելուց չհրաժարվելու դեպքում նոր սանկցիաներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ: Չնայած Իտալիայում կայացած Մեծ Յոթնյակի գագաթաժողովին չէր հաջողվել համաձայնության հասնել Ռուսաստանի նկատմամբ նոր սանկցիաներ կիրառելու շուրջ, սակայն չի բացառվում, որ ԱՄՆ-ն դա կարող է անել միակողմանի՝ կախված այն արդյունքներից, որոնք կարձանագրի պետքարտուղար Թիլերսոնը՝ Պուտինի հետ հանդիպումից հետո:
Մինչդեռ նախքան այդ բանակցությունները, ռուսական կողմը շատ հստակ հասկացնել էր տվել, որ չի պատրաստվում ընկնել Վաշինգտոնի ճնշման տակ: Ինչպես հայտնի է՝ նախքան Մոսկվա ժամանելը Թիլերսոնը վերջնագրային ուղերձ էր հղել Մոսկվային՝ ընտրություն կատարել Իրանի, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և «Հզբոլլահ»-ի խմբի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման միջև: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Ռուսաստանին վերջնագիր ներկայացնելը ապակառուցողական է: Վերջնագրային մոտեցումը բանակցությունների արարողակարգային մասում անընդունելի էր որակել նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հայտարարելով, թե իրենց նպատակը միջազգային ահաբեկչության դեմ համընդհանուր կոալիցիա ձևավորելն է:
Բանակցությունների՝ ըստ ամենայնի անպտուղ ավարտից անմիջապես հետո Մարիա Զախարովան հայտնեց, որ Մոսկվայում արդեն ապրիլի 14-ին կկայանա Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպում՝ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը քննարկելու նպատակով: Ո՞րն է նման շտապողական նախաձեռնության նպատակը: Մի կողմից դրանով Մոսկվան կարող է առարկայորեն ցույց տալ Իրան-Սիրիա-Ռուսաստան տանդեմի ամրապնդումը՝ ի պատասխան ամերիկյան ուլտիմատումի: Մյուս կողմից ամենևին չի բացառվում, որ իրավիճակը Ռուաստանի համար այնքան անելանելի է, որ այդ հանդիպումը հրավիրվում է ամերիկյան առաջարկներին ինչ-որ կերպ ընդառաջելու և այդպիսով խորացող լարվածությունը մեղմելու ելքեր գտնելու նպատակով:
Միաժամանակ հայտնի է դարձել նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպելուց հետո, հանդիպելու է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգի հետ: Քննարկման թեման Ռուսաստանի հետ հարաբերություններն են: Ակնհայտ է, որ Մոսկվայում Թիլերսոնի բանակցություններին զուգահեռ Թրամփն այս նախաձեռնություններով փորձում է ուժեղացնել Ռուսաստանի դիվանագիտական և հոգեբանական բլոկադան:
Սիրիային ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցվելուց հետո սիրիական ճգնաժամը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները մտնում են նոր, կոնֆրոնտացիայի առումով չափազանց վտանգավոր շրջափուլ: Միջազգային իրավունքի գերակայության սկզբունքը ապրում է խորագույն ճգնաժամ: Թրամփի վարչակազմը Սիրիայի հրթիռակոծմամբ շատ հստակ ուղերձ է հղում, որ իր գլոբալ շահերը սպասարկելու համար չի խորշելու շրջանցել ՄԱԿ-ը, ինչպես դա տեղի ուենցավ նախ Սերբիայի, ապա նաև 2003թ. Իրաքի պարագայում: Ի դեպ, սցենարի առումով ամեն ինչ կարծես թե կրկնում է իրաքյան ներխուժման հիմքերի ստեղծումը:
Այս կերպ ԱՄՆ-ն, սակայն ոչ թե ուզում է Սիրիա ներխուժել, այլ փորձում է լուծել մարտավարական և ռազմավարական խնդիրներ: Մարտավարական առումով Սիրիային հարված հասցնելը մի կողմից ուղղված էր անցած երկու տարվա ընթացքում տարածաշրջանում ԱՄՆ կորցրած դիրքերը վերականգնելուն, մյուս կողմից սիրիական «չափավոր ընդդիմությանը» լրջագույն օգնություն ցուցաբերելուն: Վերջինիս նպատակը Ռուսաստանին որքան հնարավոր է երկար սիրիական պատերազմում թաղելն է և այն նրա համար նոր «աֆղանական պատերազմի» վերածելը: Ռազմավարական հեռահար նպատակը Ռուսաստանի միջազգային մեկուսացումը խորացնելն է: ԱՄՆ-ում՝ Թրամփի նոր վարչակարգի, Ռուսաստանում Պուտինյան վարչակարգի անկանխատեսելիությունը ստեղծում են ռուս-ամերիկյան դիմակայությունն առանց չափազանցության ամեն վայրկյան բախման պոտենցիալ ունեցող իրական սառը պատերազմի «կարմիր գիծն» անցնելու վտանգ:
Թե ինչ հետևանքներով է սա հղի ողջ աշխարհի համար, թերևս չարժե քննարկել: Որքան խորանում է այս դիմակայությունը, այնքան Հայաստանի համար դժվարանալու է Արևմուտքի և Ռուսաստանի միջև մանևրելու հնարավորությունը: Եթե գերտերությունները հատեն սառը պատերազմի «կարմիր գիծը», Հայաստանը ստիպված կլինի կա՛մ ՀԱՊԿ-ի միջոցով Մոսկվայի դրդմամբ ներքաշվել դրանում, կա՛մ դրանից խուսափելու համար փորձել դուրս գալ ՀԱՊԿ-ից, որի հետևանքները պակաս ծանր չեն լինելու: Հարավային Կովկասը և դրա ամենապայթյունավտանգ հակամարտությունը՝ ԼՂ հիմնահարցը, ինքնըստինքյան վերածվելու են դիմակայության պոտենցիալ նոր օջախի, առավելևս երբ պարզ չէ՝ ինչպիսին կլինի նույն անկանխատեսելի Թուրքիայի դիրքավորումը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: Եվ ամենևին չի բացառվում, որ թիկունքում նոր պայթյուն թույլ չտալու համար Ռուսաստանը կարող է ներկայիս «փափուկ ուժի» քաղաքականությունից անցնել արցախյան կոնֆլիկտի կողմերին լուծումներ պարտադրելու կոշտ քաղաքականության:
Գևորգ Դարբինյան