Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սևակ Հովհաննիսյանը՝ ԿԸՀ-ում ներկայացրեցին քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկություններ:
Սևակ Հովհաննիսյանն ասաց, որ աշխատանքային խումբն ուսումնասիրել է 1820 հրապարակում, որոնցից մեծ մասը կազմակերպական, տեխնիկական բնույթի են եղել: «1820 տվյալներից՝ 338-ը իրենց մեջ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ է պարունակել»,- ասաց նա: Նա նշեց, որ ուսումնասիրված հրապարակումներից 14-ը վերաբերել են ընտրակաշառքին, 108-ը այլ անձի փոխարեն քվեարկության դեպքերին, կամ կրկնաքվեարկությանը: 102 հաղորդում ուղարկվել են ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ, 51 հրապարկում վերաբերել է ընտրողի ազատ ընտրական իրավունքի իրականացմանը, հանձնաժողովի աշխատանքային գործունեության և ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն: Ստուգման ուղարկված հրապարկումներից 62-ը վերաբերել են քվեարկության գաղտնիության խախտմանը, և միայն մեկ դեպք վերաբերել է ընտրողների ցուցակների կազման կարգի խախտմանը: «Դատախազության ձևավորված աշխատանքային խմբի տեսադաշտից դուրս չմնաց ոչ մի հրապարակում, որը կպարունակեր հանցագործության հատկանիշներ»,- ասաց նա:
Մերուժան Հակոբյանը ներկայացրեց, որ մինչև ժամը 20-ը ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 176 հաղորդում, որոնցից 32-ը ուղարկվել է նախաքննության, 23-ը՝ ստուգմամբ չի հիմնավորվել, 121-ը գտնվում է նյութերի նախապատրաստման և ստուգման փուլում, որոնց ընթացքի վերաբերյալ առաջիկայում լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի: Այսպիսով, քարոզչության ընթացքում ընտրողներին դրամ կամ ապրանքներ տալու վերաբերյալ եղել է մեկ հաղորդում, ընտրակաշառք տալու, ստանալու վերաբերյալ ութ հաղորդում, ընտրողին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելու՝ երկու ահազանգ, քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու՝ ինը դեպք, խուլիգանական արարք, սպառնալիք, բռնության, ծեծի հինգ ահազանգ: Ընտրական հանձնաժողովի, թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, կուսակցության լիազորած անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու՝ երեք ահազանգ, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու՝ 86 ահազանգ, քվեարկության գաղտնիությունը խախտելու 13 ահազանգ և այլ ընտրախախտումների վերաբերյալ 49 ահազանգ:
Մերուժան Հակոբյանը հայտնեց նաև, որ ոստիկանության «Թեժ գծին» եղել է 45 ահազանգ, որոնցից 12-ով տրվել է խորհրդատվություն, մեկը ուղարկվել է ծառայողական ստուգման, 28-ը ուղարկվել է համապատասխան տարածքային ստորաբաժանում` ստուգման: