կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-02 14:25
Քաղաքական

Այս ընտրությունների ամենաստվերոտ մասը կլինի ընտրակաշառքի հանգամանքը. Ռուստամյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը

Այս ընտրությունների ամենաստվերոտ մասը կլինի ընտրակաշառքի հանգամանքը. Ռուստամյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը

03/23 ընտրատեղամասում քաղաքացիական պարտքը կատարեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:

Քվեարկությունից հետո լրագրողները Ռուստամյանից հետաքրքրվեցին` հանուն ինչի՞ է քվեարկել և ի՞նչ փոփխությունների կհանգեցնի այս նոր համակարգը:

«Մենք համոզված ենք, որ սա չորրորդ հանրապետության հիմնադիր խորհրդարանն է, և ուզում ենք, որ այդ չորրորդ հանրապետությունը ճշմարիտ սկզբնավորում ունենա: Դրա համար եմ քվեարկել` վստահ լինելով, որ մենք, իսկապես, թևակոխում ենք մի նոր ժամանակաշրջան, և այս ընտրությունը լինելու է որոշիչ, վճռական: Մեր հետագա քայլերն ինչպե՞ս կարող ենք կատարել և ի՞նչ խորությամբ ու արագությամբ` կախված է այն խորհրդարանի որակից, որն այսօր կընտրվի»,- ասաց նա` հավելելով` ուզում են ավելի լուրջ ներկայություն ունենալ խորհրդարանում, որ այս գործընթացը, որն իրենք են սկսել, մինչև վերջ կարողանան տեղ հասցնել:

Ինչ վերաբերում է ընտրախախտումներին, այն, որ օնլայն հեռարձակումներ չկան ընտրատեղամասերից, Ռուստամյանն ասաց, որ իրենք այդ ամենը կստուգեն և հետո եզրակացություններ կանեն:

Խոսելով կիրառվող նոր տեխնոլոգիաների մասին` նա ասաց, որ տեսնում է` ժողովուրդը յուրացնում է նոր տեխնոլոգիաները: «Շատ հաճելի է տեսնել, շատերն ասում էին, որ սա խնդիրներ կառաջացնի, բայց հակառակը` շատ սահուն է ընթանում ամեն ինչ»,- ասաց Ռուստամյանը:

Yerkir.am-ի դիտարկմանը` 2013 թվականի ապրիլի 2-ին սպանվեց Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը, իսկ անցած տարի այս օրը ապրիլյան քառօրյան էր, իսկ այսօր խորհրդարանական ընտրություններ են, Ռուստամյանն արձագանքեց. «Ես մի քիչ առաջ հոգեհանգստից եմ գալիս. ոչ միայն Պռոշյանի մեր ընկերոջ` Հրաչ Մուրադյանի հոգեհանգիստն էր, այլ նաև` ապրիլի 2-ին քառօրյա պատերազմում ընկած բոլոր զինվորների: Բոլորին անուն առ անուն հիշեցինք: Նրանք հերոսներ են, և պետք չէ միայն սգով նայել այդ ամեն ինչին, ես վստահ եմ, որ նրանք նոր Հայաստանի, այսօրվա Հայաստանի հիմքերը դրեցին, ապահովեցին, որ մենք կարողանանք այսօր ազատ ընտրություններ անցկացնել, դա նաև նրանց շնորհքն էր և նրանց վաստակը, և սա պետք է գլխավորը լինի: Նրանց անունները կգրվեն մեր պատմության մեջ»:

Հարցին` ընտրակաշառքի մասին ահազանգեր, տեղեկություններ ստացե՞լ են այսօր, նա պատասխանեց. «Ընտրակաշառքի մասին ստացել ենք մինչև այսօր, չեմ բացառում, որ այսօրվա մեջ էլ լինի, որովհետև դրան պատրաստվել են շատերը: Այս ընտրությունների ամենաստվերոտ մասը կլինի ընտրակաշառքի հանգամանքը»:

Հարցին`իրենց գործընկեր Հանրապետականի՞ն էլ նկատի ունի, Ռուստամյանն արձագանքեց. «Ես այստեղ խնդիր չեմ դնում որևէ մեկին առանձնացնելու, ընտրակաշառք տվողն էլ, վերցնողն էլ պետք է իմանան, որ նույն հանցավոր համագործակցության մեջ են: Մեր ժողովուրդը պիտի հասկանա` այս ձևով չի կարող այն երկիրն ունենալ, որի մասին երազում է»: