Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ամենաառաջին խեղաթյուրումն այն է, որ իբրև թե 1997 թվականի դեկտեմբերի փուլային լուծումն ավելի լավ առաջարկ էր, քան հետագա բոլոր լուծումները. փաթեթային լուծումները, քիվեսթյան Միացյալ պետության տարբերակը, մադրիդյան սկզբունքները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը: «Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումը, որն արել էր 97 թվականին՝ հրաժարական տալուց առաջ, որ միջնորդների ամեն հաջորդ առաջարկն ավելի վատն է լինելու, քան նախորդը և իր առաջարկած փուլային տարբերակն ավելի լավն էր, պարզապես կեղծիք է»,- ասաց Եսայանը՝ հավելելով՝ ցանկացած խաղաղություն չէ, որ զարգացման երաշխիք է:
Արձագանքելով դիտարկմանը, թե ըստ Տեր-Պետրոսյանի, քաղաքական ուժերի կողմից հասարակության այսպիսի ուղեղների լվացումը կործանարար է լինելու ազգի համար՝ Եսայանն ասաց. «Ինձ թվում է՝ իր ուղեղի լվացումն է արդեն վերջնական փուլի հասել: Ինքը իր ուղեղը լվացել է 91-ից մինչև հիմա և որևէ այլ մոտեցում իր ուղեղը չի մտնում: Մանավանդ տնտեսության մեջ մարդն ակնհայտ ասում է՝ ես տնտեսության մասին պատկերացում չունեմ և իր նախագահության օրոք էլ ով կհիշի՝ մարդը ուղղակի չէր միջամտում տնտեսական զարգացմանը: Տնտեսությունը հանձնել էր վարչապետներին, որոնք փոխվում էին թաշկինակի նման՝ օրը մեջ, և տնտեսական զարգացումն նրա համար հարյուրերորդ պլանում էր: Ինքը իրեն աշխարհակարգին համարժեք գործիչ էր համարում՝ հայկական իրականությունից շատ բարձր և փորձում էր համաշխարհային վերլուծություններ անել՝ իրականությունից, Հայաստանի հողից կտրված»:
«Երբ որ մենք տնտեսության մեջ զարգացում էինք արձանագրում, միջազգային հանրության առաջարկը շատ ավելի լավն էր դառնում, քան 97-ին իր կործանած տնտեսության արդյունքում 97-ի դեկտեմբերին իրեն և Հայաստանին արված փուլային լուծման առաջարկը: Նա լղոզված անցնում է դրա կողքով: Կարգավիճակի հարցը հետաձգվում էր, այսինք՝մենք ուղղակի հանձնում էինք ամեն ինչ՝ անվտանգության գոտին հանձնում էինք, ազատագրված տարածքները հանձնում էինք, Լաչինի հարցը հարցական էր մնում և ոչինչ չէինք ստանում: Արդյունքում ստանում էինք այն, որ ադրբեջանցի փախստականները վերադառնում էին և ստանում էինք ինչ-որ խոստում ինչ-որ մի ժամանակ կարգավիճակի հարցին անդրադառնալ: Սա՞ էր լուծումը: Նա քիվեսթյան, Միացյալ պետության կամ մադրիդյան սկզբունքները,երբ ասում է՝ հենց հիմա պետք է ստորագրենք, փորձեք կարդալ բոլոր առաջարկները և համեմատեք 97-ի փուլային տարբերակի հետ»,- ասաց նա: