Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ համայնքներն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում ՀՅԴ-ի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Եղիազարյանը դեմ է Ղարաբաղյան հիմնահարցի` Տեր-Պետրոսյանի առաջարկած լուծման տարբերակին, քանի որ այն, միանշանակ, ամենակարճ ուղին է լայնամասշտաբ պատերազմ սկսելու համար: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով օրերս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` Հ1-ի «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ հնչեցրած կարծիքի մասին, նա նշեց, որ Տեր-Պետրոսյանի առաջարկած տարբերակը հանձնվելն է, այն ամենևին էլ խաղաղության չի տանի:
«Այնպես չէ` քաղաքական մյուս ուժերը խաղաղություն չեն ուզում, բոլորս խաղաղության ենք ձգտում: Կա՞ մեկը, ով ասում է` եկեք պատերազմենք: Սակայն Տեր-Պետրոսյանի առաջարկած տարբերակում փոխադարձ ոչինչ չկա, հետևաբար` գաղափարը պետք է ջախջախվի Հայաստանում, որը մեսիջ կդառնա և՛ Ադրբեջանի, և՛ աշխարհի համար, որ նման մոտեցում մեր ժողովուրդը չի ընդունում: Մի՞թե մենք 23 տարի անց այս մտածելակերպով ենք առաջ գնում, սրան ենք հանգում, հակառակը` ես կարծում եմ, որ պետք է այնպիսին լինենք, որ հակառակորդը հասկանա` մեզ հետ զենքի լեզվով չի կարելի խոսել: Երաշխիքը սա է. պետք է ունենանք ուժեղ երկիր, և ցանկացած հակառակորդ մեզ հետ բանակցությունների կնստի»,- ասաց Եղիազարյանը:
Նա նշեց, որ Տեր-Պետրոսյանը եղել է նախագահ այն ժամանակ, երբ զինադադար կնքվեց, եթե տարածքների հանձնումն էր Ղարաբաղյան հարցի լուծման ուղին, ապա, ըստ Եղիազարյանի, այն ժամանակ կգնային դրան:
Արցախում երբ շրջաններն ազատագրվեցին, Եղիազարյանի հավաստմամբ, ռազմական դոկտրինան դրվեց մեկ բանի վրա` պետք է կրակակետերը հեռացնել, որ ոչ մի արկ չընկնի Արցախի բնակչության վրա: «Այդ ժամանակ սահմաններն ընդարձակվեցին, դա ռազմական անհրաժեշտություն էր: Եթե այդպես է` թող այն ժամանակ Տեր-Պետրոսյանի առաջարկած լուծմանը գնային, որ այսքան մարդ էլ չզոհվեր: Բայց պատերազմը, վերջիվերջո, իր գինն ունի: Մենք պետք է զարգանանք` չզիջելով: Ես, այո, կողմ եմ, որ պետք է Ադրբեջանի հետ նստել բանակցությունների, բայց փոխհատուցումը կարող է լինել այլ շերտով, օրինակ` Ադրբեջանի շատ տարածքների ջուրն Արցախի լեռներից է հոսում, մեր փոխզիջումը կարող է լինել այն, որ թույլատրենք ջրագծեր կառուցեն ու օգտվեն ջրից»,- ասաց նա:
Եղիազարյանը պնդում է` առաջին հերթին պետք է հարգենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և Հայաստանում քաղաքական ուժերն իրավունք չունեն սակարկելու Արցախի հարցը: Բացի այդ` մեծացել է նոր սերունդ, որը ծնվել ու աչքը բացել է այն տարածքում, որն ազատագրվել է, այսինքն` իր պատմական հայրենիքում, և այսօր ասել` եկեք հանձնեք այդ հողերը, ուղղակի անընդունելի է: «Ադրբեջանի քաղաքականությունը նայեք` մի հատ կառուցողական առաջարկություն չկա, ավելին` ասում է` երբեք չեմ ճանաչի Արցախի անկախությունը, Երևանն ադրբեջանական քաղաք է: Ազատագրված տարածքները եթե զիջենք, դրանից հետո հակառակորդի հավակնությունները տեղափոխվելու են ուրիշ հարթություն: Սա մեր տեսակի գոյության անվտանգության խնդիրն է, հետևաբար` մենք այս պարագայում ոչինչ չունենք զիջելու»,- հայտարարեց Եղիազարյանը: