կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-06 16:05
Իրավական

Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց

Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց

Քիչ առաջ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից շտապօգնության մեքենայով դուրս բերեցին «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանին և տեղափոխեցին «Արմենիա» ԲԿ: Նշենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը փոխել է Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը: Դրա համար հիմք է հանդիսացել պատգամավորների ներկայացրած երաշխավորագիրը:

Հիշեցնենք, որ այսօր, ՀՀ գլխավոր դատախազի հրավերով, հանդիպում է տեղի ունեցել պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի, Միքայել Մանուկյանի, Լեւոն Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում պատգամավորներին ներկայացվել է Ա.Սարգսյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմքերը, պարզաբանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 145 եւ 147-րդ հոդվածներով նախատեսված՝ անձնական երաշխավորություն խափանման միջոցի կիրառման կարգը, երաշխավորողների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ վերջիններս նախազգուշացվել են երաշխավորողի պատասխանատվության մասին եւ առաջարկվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հանդիպել Ա.Սարգսյանին՝ գործի քննության ընթացքում վերջինիս պատշաճ վարքագիծը, այլ դատավարական պարտականությունները կատարելու եւ քրեական օրենքով արգելված նոր արարք կատարելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ հավաստիանալու համար, որից հետո հաստատել իրենց խնդրանքը կամ հրաժարվել դրանից:

ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Լեւոն Զուրաբյանի, Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի, Միքայել Մանուկյանի եւ Արամ Մանուկյանի կողմից իրենց խնդրանքը հաստատելուց եւ օրենքով նախատեսված դրամական գումարը մուծելուց հետո, 2016 թվականի մարտի 6-ին նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել Ա.Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու եւ անձնական երաշխավորություն խափանման միջոց կիրառելու մասին:

Նույն օրը կայացված որոշման պատճենն ուղարկվել է նախաքննության մարմնին եւ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին՝ կատարումն ապահովելու նպատակով: