Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը «բաժակաճառ» է որակել ԼՂ կարգավորման` իրենց առաջարկած «խաղաղության և բարիդրացիության» ծրագիրը քննադատելիս ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի արած պնդումները: Նա փաստացի հայտարարել է, որ բոլոր այն ուժերը, որոնք չեն ընդունում իրենց առաջ քաշած ծրագիրը, կեղծ են, անազնիվ, չեն սիրում Հայաստանը, վախկոտ կամ էլ դավաճան են: Իսկ Ռուստամյանը, հիշեցնենք, նշել էր, թե խաղաղության հեշտ ձևը հանձնվելն է և Ադրբեջանի քմահաճույքները բավարարելը, քանի որ նա փոխզիջումների միջոցով խնդրի լուծում չի ցանկանում և դարձել է անբանակցելի կողմ, և պայմաններում զիջումների մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է:
Փորձելով հիմնավորել իրենց «խաղաղության ծրագրի» իրատեսականությունը՝ Արամ Մանուկյանն դիմել է մտքային աճպարարությունների: «Մեր և Ադրբեջանի իշխանությունները մակերեսի վրա լրիվ ուրիշ են, բանակցությունների սեղանին՝ ուրիշ: Երկու իշխանությունն էլ ազնիվ չեն իրենց ժողովրդի հետ: Մեր իշխանությունը թաքնվում է Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունների թիկունքում, Ալիևը՝ մեր: Եվ ստացվում է, որ միմյանց պաշտպանում են՝ խաղաղությանը կողմ չլինելով: Միջազգային կառույցներն էլ ասում են՝ երկուսն էլ համաձայն չեն խաղաղությանը: Բանակցություններում ներգրավված է 5 կողմ (նկատի ունի ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երեք երկրներին ու Հայաստանին և Ադրբեջանին-հեղ.) համաձայնություն է տվել այն տարբերակին, որը սեղանին է: Մի բան է ասել՝ համաձայն եմ դրան, ու ոչինչ չանել, մեկ այլ բան է ասել՝ համաձայն եմ, ու գնալ ընդառաջ այդ ծրագրին»,- ասում է Մանուկյանը՝ հպարտորեն նշելով, թե իրենց ծրագիրը հաղթական է, որի հիմքում «Հայաստանի եւ Ղարաբաղի ուժեղացումն է, Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդի արժանապատիվ ու ապահով ապրելու իրավունքը»:
Արամ Մանուկյանը հերթական անգամ ապացուցում է, որ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի մտքերը սկսում են մեկնաբանել ու պաշտպանել նրա թիմակիցները, այն էլ` նման մոլեռանդությամբ, միշտ ստացվում է նրան «արջի ծառայություն» մատուցել: Որովհետև այն, ինչ ասում է Մանուկյանը, հակասությունների իսկական խառնաշփոթ է: Օրինակ՝ ինչպես են բոլոր կողմերը կողմ համանախագահների ներկայացրած կարգավորման տարբերակին, բայց այն չի ընդունվում: Կամ՝ ինչպես են Հայաստանի իշխանությունները «մակերեսի վրա» խաղաղության համանախագահների առաջարկած բանաձևին դեմ, եթե ամեն առիթով նախագահը կամ արտգործնախարարը հայտարարում էին, թե ոչ միայն պատրաստ են բանակցել այդ տարբերակի շուրջ, այլև ընդունել այն: Մանուկյանը մոռացե՞լ է «Բլումբերգ» գործակալությանը Սերժ Սարգսյանի տված հարցազրույցում արած ձևակերումները, թե՞ պարզապես ձեռնտու է չհիշել: Իսկ եթե, «խաղաղության ծրագիր» ասելով, այդ տարբերակը նկատի չունի Մանուկյանը, ապա էլ ուրիշ ի՞նչ է պատրաստ տալ կամ զիջել Ադրբեջանին՝ ի՞նչ` ունեցածի մի մասը պահելու համար: Կամ՝ երբ խոսում է հինգ կողմերի համաձայնության մասին, Արցախը համարում է Ադրբեջանի մա՞ս: Հավանաբար՝ այո, եթե հաշվի առնենք Մանուկյանի այն հայտարարությունը, որ իրենք ոչ թե Արցախի անկախությունն են ճանաչում, այլ ինքնորոշվելու իրավունքը:
Հայաստանը զարգացնելու «խաղաղության, բարիդրացիության» այդ «հաղթական ծրագիրը», որ առաջարկում է ՀԱԿ-ը, ՀՀԿ-ական իշխանությունն արդեն մեկ անգամ իրականացնելու փորձ արել է ու գուցե շատ ավելի համարձակ, քան ժամանակին մտմտում էր տերպետրոսյանական վարչակարգը: Դրանք ոչ միայն որևէ արդյունք չեն տվել, այլև էլ ավելի են բարդացրել Հայաստանի դիրքերը: Ընդ որում՝ Հայաստանի իշխանությունը «խաղաղության ու բարիդրացիության» այդ բանաձևը փորձել է գործադրել երկու ճակատում: 2009-ին Սերժ Սարգսյանը ձեռնարկեց «ֆուտբոլային դիվանագիտությունը» և, հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման և սահմանները բացելու, համաձայնեց ստորագրել հայ-թուրքական՝ միակողմանի զիջումների վրա հիմնված արձանագրությունները: Տեր-Պետրոսյանը՝ բացառությամբ Ցեղասպանության հարցը պատմաբանների հանձնաժողովին հանձնելու կետից, մնացած բոլոր առումներով ողջունեց այդ գործընթացը: Ի՞նչ ստացվեց արդյունքում: Թուրքիան ոչ միայն հրաժարվեց այդ արձանագրությունները Մեջլիսում վավերացնել, այլև դրեց Արցախյան հիմնահարցը Ադրբեջանին ցանկալի լուծումներով կարգավորելու նախապայմանը: Դրանից հետո հայ-թուրքական չեղած հարաբերությունները մտան շատ ավելի խոր ճգնաժամի մեջ: Որովհետև, տեսնելով, հանուն հարաբերությունների կարգավորման, ազգային, կենսական շահերի զոհաբերման պատրաստակամություն, Թուրքիան նախընտրեց պահանջել և ստանալ ավելին՝ անտեսելով վավերացման իր ստանձնած պարտավորությունը:
2011թ. Հայաստանի իշխանությունները լիարժեք պատրաստակամություն էին հայտնել Կազանում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում ստորագրել մադրիդյան՝ այդ պահին կարծես թե վերջնական համաձայնեցված, հետագայում «կազանյան փաստաթուղթ» պայմանական անվանումը ստացած տարբերակը: Դրանով Արցախի ներկայիս կարգավիճակը փաստացի փոխարինվում էր հավերժ միջանկյալ կարգավիճակով և հայկական կողմից Ադրբեքանին էր հանձնում նախկին ԼՂԻՄ-ին հարակից բոլոր շրջանները; Այդ ժամանակ ևս Տեր-Պետրոսյանը ողջունեց գործընթացը: Ի՞նչ ստացվեց արդյունքում: Վերջին պահին Ադրբեջանը չստորագրեց այդ փաստաթուղթը և մեկ տասնյակի հասնող նոր պահանջներ ներկայացրեց: Ու թեև անգամ ապրիլյան պատերազմից հետո պաշտոնական Երևանը հայտարարեց, թե պատրաստ է ստորագրել այդ փաստաթուղթը, ստացավ այն, որ Ադրբեջանը փաստացի սկսեց արցախյան նոր պատերազմի նախապատրաստություն՝ իրադրությունն օր օրի վատթարանում է: Թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի դեպքում դրսևորված նման «խաղաղասիրությունը» հանգեցրեց հակառակ կողմերից կոնֆլիկտաբանության չգրված «ոսկե կանոնի» գործադրմանը` քանի դեռ դիմացինը պատրաստ է գնալ զիջումների, նրանից պետք է քամել առավելագույնը:
Ինչպես Թուրքիայի հետ հաշտեցման ձախողված պրոցեսի տապալումից հետո Երևանը գնաց ետքայլի՝ խորհրդարանից հանելով այդ արձանագրությունները, այնպես էլ ներկայումս փորձում է գնալ արցախյան հարցում դիրքորոշումը կարծրացնելու ուղղությամբ՝ շատ լավ տեսնելով, թե ինչ հետևանքներ է ունենում մաքսիմալ պահանջներ ներկայացնողի հետ փոխզիջումների դիրքերից հանդես գալը կամ «հաղթական» այն կոնցեպտը, որը հիմա, օգտվելով նախընտրական արշավի ընձեռած հնարավորությունից, փորձում է օրակարգային դարձնել ՀԱԿ-ը՝ կանգ չառնելով իրականությունը խեղաթյուրելու առջև:
Եթե մարդիկ համառորեն չեն ուզում տեսնել, որ անգամ նման զիջումների գնալու պատրաստակամության պարագայում Ադրբեջանն է մերժում «խաղաղության» կոնցեպտը, նշանակում է՝ կա'մ գործ ունենք քաղաքական հավկուրության հետ, կա'մ «հաղթողականությամբ» փաթեթավորվող այդ հանձնողականության տրամադրությունները սերմանում են միտումնավոր, ինչպես սովորական «հինգերորդ շարասյուն»:
Գևորգ Դարբինյան