Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1938 թվականի փետրվարի 22-ին Գյումրիում ծնվել է Արտավազդ Փելեշյանը:
Փելեշյանը 2013-ին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում Հայաստան էր ժամանել: Փառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրի շրջանակներում ցուցադրվեցին նաեւ վարպետի ֆիլմերը` «Տարվա եղանակներ», «Կյանք», «Վերջ», «Մարդկանց երկիրը»:
Փելեշյանը հիշեց` երբ ցուցադրվում էին իր ֆիլմերը, շատ երիտասարդ էր, խիտ մազերով, բայց սանր չուներ, իսկ հիմա հակառակն է` սանր ունի, բայց մազեր չունի:
«Ամեն անգամ իմ ֆիլմերը նայելիս` նոր բան կարող եք ձեզ համար բացահայտել, ինչը պայմանավորված էր այն փաստով, որ, որքան էլ տարօրինակ թվա, ես մոնտաժում էի ոչ միայն երեւացող, այլեւ բացակա կադրերը: Իմ ֆիլմերում բառերի բացակայությունը պայմանավորված է նրանով, որ բառն օգտագործելիս պահանջվում է այդքան տեւողության պատկեր, մյուս կողմից` տեղին օգտագործված բառերը կարեւոր են, բայց դրանք կաշկանդում են կերպար ստեղծելիս:
Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պետք է լինի, թեկուզ` հակառակը լինի. այս արտահայտությունը հաճախ եմ օգտագործում` չնայած նրան, որ կյանքն անկանխատեսելի է:
Եթե այսօր Հայաստանի մասին ֆիլմ նկարահանեի, մեր բնությունը կցուցադրեի, քանի որ բնությունը կարող է մեր մասին ամբողջական պատկերացում տալ:
Մտադրություն ունե՞մ վերադառնալ Հայաստան` այստեղ ապրելու եւ ստեղծագործելու: Երեւի թե ունեմ մտադրություն: Տեսնենք, ոնց կստացվի:
Արվեստը բացակա իրականության տարբերակն է, որը նույնքան համոզիչ է, որքան եւ «իսկական» իրականությունը: Իմ ֆիլմերում բացակայում են բեմադրված կադրերը, իսկ նկարահանումներ կատարելիս ճիշտ իրավիճակ եւ վայր եմ ընտրում. հենց ճիշտ ընտրված տեղն է թելադրում հերոսներին գործել այնպես, ինչպես ռեժիսորն է ցանկանում:
Ես այդ բոլոր ֆիլմերը տեսել եմ, ուզում եմ, որ դուք էլ տեսնեք:
Իմ ֆիլմերով ուզում եմ ձեզ հետ կիսել, պայմանականորեն ասած, իմ հայտնագործություններն ու տպավությունները: Իմ ֆիլմերում ես միշտ ներկա եմ` օպերատորը տեսախցիկն է բռնում, իսկ ես՝ օպերատորին:
Ինձ հիմա կյանքն է հետաքրքրում՝ ե'ւ այսօրվա, ե'ւ վաղվա, ե'ւ մյուս տարիների համար: Ուրիշ էլ ի՞նչը պետք է հետաքրքրի»: