կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-06 11:20
Մշակույթ

Ժամանակն է Փելեշյանի դեմ, ոչ թե` հակառակը. Արտավազդ Փելեշյան

Ժամանակն է Փելեշյանի դեմ, ոչ թե` հակառակը. Արտավազդ Փելեշյան

Երեկ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանի մասին գրված լավագույն հոդվածների ու ակնարկների`«Դրոշմման ժամանակը» երկհատորյակի շնորհանդեսը: Ցուցադրվեց նաև ռեժիսորի մասին պատմող «Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան» ֆիլմը:

ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը նշեց, որ գիրքն ամփոփում է մեր կինոյի անցած ուղին: «Ծնունդ է առել մի փառավոր գիրք` իր էությամբ մոնումենտալ, իսկ պարունակությամբ` անչափելի: Գրքում Փելեշյանը ներկայանում է իր ամբողջ հետագծով, որ գոյացել է նրա արվեստի և անձի շուրջը: Կարծում եմ` գրքում ամփոփված է մշակութային վերջին տասնամյակների իրադարձությունների կիզակետը»,- ասաց նա:

Փելեշյանը, բնականաբար, երեկոյի ընթացքում խոսեց կինոյի մասին: Նա նշեց, որ կինոն եղել է բոլոր արվեստներից առաջ, բայց այնպես է ստացվել, որ տեխնիկապես հայտնվել է բոլոր արվեստներից հետո:

«Կինոն ժամանակի համար հիշողություն է, այն իր առանձնահատուկ վերաբերմունքն ունի ժամանակի նկատմամբ` կինոն դեմ է ժամանակին: Ամբողջ աշխարհում օգտագործվում է մի միտք, որ կինոն գրանցված ժամանակն է, իսկ ես կարծում եմ, որ ժամանակը չի դրոշմվում, ժամանակը երբեք չի գրանցվում: Երբ տարիներ առաջ էլ նման կարծիք էի հայտնել, ֆրանսիական թերթերից մեկը մի հոդված էր գրել իմ մասին: Ճիշտ է, դրական հոդված էր, բայց վերնագիրը ճիշտ չէր` «Փելեշյանը` դեմ ժամանակին և բառին»: Այդպես չէ`  Փելեշյանը շատ փոքր մարդ է, որ դեմ լինի հրեշավոր, հզոր ժամանակին: Ժամանակն է Փելեշյանի դեմ, ոչ թե` հակառակը»,- ասաց ռեժիսորը:

Նա նշեց նաև, որ դեմ չէ խոսքին ու բառին, քանի որ կան բառերով հրաշալի ֆիլմեր: «Ես, ճիշտ է, քիչ եմ օգտագործում բառեր` խնայելով ժամանակը հանդիսատեսի համար: Ամեն ինչ վախենում է ժամանակից, բայց ժամանակը վախենում է հզոր կինոյից»,- ասաց Փելեշյանը: