կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-23 20:10
Քաղաքական

Վիգեն Սարգսյանը շնորհավորել է վետերաններին Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ և մեդալներ շնորհել

Վիգեն Սարգսյանը շնորհավորել է վետերաններին Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ և մեդալներ շնորհել

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 23-ին այցելել է ՀՀ Վետերանների միավորում, հանդիպել Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ տեղելատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վիգեն Սարգսյանը շնորհավորել է վետերաններին Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ և շեշտել է, որ թեև օրը ներառված չէ պետական տոնացույցում, Հայաստանում ևս շարունակում են փետրվարի 23-ին շնորհավորել միմյանց և մաղթել խաղաղություն:

«Ի դեմս ձեզ` բոլոր վետերանները, մեր այսօրվա բոլոր զինծառայողները, ավելի լավ քան որևէ մեկը, գիտեն խաղաղության արժեքը և այդ խաղաղության համար վճարվող գնի ծանրությունը: Մենք, իհարկե, մի կողմից միմյանց մաղթում ենք նոր հաղթանակներ, մյուս կողմից, շատ ենք ուզում, որ այդ հաղթանակները խաղաղ ժամանակի, երկրի առաջընթացին, ծաղկմանն ուղղված հաղթանակներ լինեն»,- ասել է Վիգեն Սարգսյանը և բարձր է գնահատել Վետերանների միավորման  գործունեությունը` որպես  սերունդների միջև կապի շատ ամուր և կարևոր օղակի:


«Բանակ-ընտանիք-դպրոց կապը պետք է չափազանց ամուր լինի: Եթե այդ կապը չլինի` մենք վաղը չենք կարողանա արժանապատիվ սպայական անձնակազմ, զորակոչվող զինվորների որակ ունենալ և այդ կապի, այդ օղակի մեջ ձեր դերակատարությունը շատ մեծ է, որովհետև ձեր անցած ճանապարհով, ձեր սխրանքներով ու ձեռքբերումներով դուք օրինակ եք վաղվա սերնդի համար»,- նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է նաև «Ազգ-բանակ» գաղափարի դրույթները, անդրադարձել ռազմարդյունաբերության և ռազմական դիվանագիտության ոլորտներում ունեցած ձեռքբերումներին, պատասխանել է վետերաններին հուզող հարցերին:

Հանդիպման ավարտին մի խումբ վետերաններ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով: