կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-02 15:28
Քաղաքական

Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է անում իշխանություն ձեւավորել միայն սահմանադրական ճանապարհով

Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է անում իշխանություն ձեւավորել միայն սահմանադրական ճանապարհով

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դիտարկում է արել պատգամավորական մանդատից հրաժարվելու կոչերի եւ իշխանության ձեւավորման վերաբերյալ, տեղեկանում ենք ilur.am-ից։

«Թեև Հայաստանում տիրող ալեկոծության համատեքստում ասածս կարող է մանրուք թվալ, սակայն չեմ կարող ուշադրություն չհրավիրել հետևյալ հանգամանքի վրա։  ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածում ամրագրված է. «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»։

Հետևաբար մանդատից հրաժարվելու՝ պատգամավորներ Գրիգոր Ավալյանին, Ֆելիքս Ցոլակյանին և Աղվան Վարդանյանին ներկայացվող պահանջը հակասահմանադրական է։

Ինչպես միջազգային հանրությունն է այս օրերին անընդհատ պնդում, իշխանության ձևավորման գործընթացում ամենակարևորը սահմանադրության և օրենքի տառին դրա համապատասխանության փաստն է։

Սակայն առանց միջազգային հանրության հուշելու էլ ինքնըստինքյան ակնհայտ է, որ դա բխում է, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, և թե՛ Հայաստանի շահերից։

Այլ կերպ ձևավորված իշխանության օրինակարգությունը (լեգիտիմությունը) չի ճանաչվի ո՛չ ժողովրդի, ո՛չ էլ միջազգային հանրության կողմից։ Իսկ մենք տասնամյակներ շարունակ ականատեսն ենք այն բանի, թե այս իրողությունն ինչպիսի սպառնալիքներ է ստեղծում երկրի կայունության ու ներազգային համերաշխության ապահովման հարցում»,- նշված է Լեւոն Տեր-Պետրոսյանի տեքստում։