Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանը որեւէ երկրի թույլ չի տա իր շահերի դեմ դաշինք ձեւավորել. Այս մասին հունվարի 20-ին Լեհաստանի ԱԳՆ տեղակալ Պրզեմիսլավ Լանգի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ քաղաքական հարցերով տեղակալ Աբաս Արաղչին. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ձգտել է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանը եւ դա ապացուցել է ԻՊ-ի պես ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի միջոցով»,- ասել է Արաղչին՝ հավելելով. «Մենք տարածաշրջանային կամ արտատարածաշրջանային որեւէ երկրի թույլ չենք տա մեր շահերի դեմ դաշինք ձեւավորել»:
Նա նշել է, որ տարածաշրջանում առկա ճգնաժամը պայմանավորված է Իսրայելի զավթողական քաղաքականությամբ, եւ տարածաշրջանի հիմնական մարտահրավերը սիոնիստական վարչակարգն է ու դրա վարած զավթողական եւ ամբողջատիրական քաղաքականությունը: Ըստ նրա՝ քանի դեռ Պաղեստինի ժողովրդի իրավունքները չեն վերականգնվել, Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում անդորր չի հաստատվելու:
Անդրադառնալով Վարշավայում կայանալիք «Խաղաղությունն ու անվտանգությունը Մերձավոր Արեւելքում» խորագրով խորհրդաժողովի օրակարգին` Արաղչին ասել է, որ օրակարգը վկայում է միակողմանի մոտեցման մասին եւ ապացուցում, որ, նման խորհրդաժողով կազմակերպելով, ԱՄՆ-ն այլ նպատակներ է հետապնդում:
Ըստ ԻՌՆԱ-ի` Լեհաստանի ԱԳՆ տեղակալը նշել է, որ իր երկիրն ամբողջովին պաշտպանում է Իրանի հետ կնքված Միջուկային համապարփակ համաձայնագիրը, ու վստահեցրել է, որ խորհրդաժողովում քննարկվելու են Մերձավոր Արեւելքի անվտանգության եւ խաղաղության հետ կապված գլոբալ թեմաներ, եւ այն չի ունենալու հակաիրանական ուղղվածություն: