կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-10 11:48
Քաղաքական

Լկտի սուտ է. Մարուքյանը` ՀԱԿ-ին

Լկտի սուտ է. Մարուքյանը` ՀԱԿ-ին

ՀԱԿ-ը «Ելք» դաշինքին մեղադրել է ընդդիմադիր դաշտի լայն միավորման համար մղվող իրենց բանակցությունները վիժեցնելու մեջ: 

Yerkir.am-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որի կուսակցությունը «Ելք» դաշինքի մեջ է, ՀԱԿ-ի այս հայտարարությունը որակեց որպես լկտի սուտ:

«Մեր դաշինքը որևէ բան չի վիժեցրել, այլ ընդհակառակը` «Ելք» դաշինքն առաջինն է սկսել  ներառական պրոցեսները: ՀԱԿ-ի հետ չի եղել բանակցություն, որը կվիժեցվեր: Դա իրականությանը չի համապատասխանում և լկտի սուտ է»,- ասաց նա` հավելելով` ՀԱԿ-ը որևէ բանակցություն, որևէ առաջարկ չի ներկայացրել:

Ըստ Մարուքյանի` եթե իրենք փորձեին էլ բանակցել ՀԱԿ-ի հետ, ապա գաղափարային խնդիրներ կառաջանային: «ՀԱԿ-ը վերջին 5 տարիների ընթացքում  աջակցել է Հայաստանի այսօրվա իշխանություններին, որոնց իրենք հայտարարել են հանցագործ: Նրանք աջակցել են իշխանություններին ԵՏՄ-ի միացման ժամանակ, աջակցել են նաև ներքին քաղաքականության իրականացման ժամանակ»,- նշեց նա, ապա հարց հնչեցրեց. «Նրանք իշխանության հետ ո՞ր հարցում համաձայն չեն եղել: Բոլոր առանցքային կարևոր հարցերում համաձայն են եղել, իշխանությանը ընդդիմանալու ռեսուրսն ինչո՞ւմն է, այսինքն` ինչի՞ն են ընդդիմանում»:

Մարուքյանի խոսքով` ՀԱԿ-ի քաղաքականությունը հետևյալն է` նույն բանը, ինչ իշխանությունն է անում, թողնենք, որ իրենք անեն:

Դիտարկմանը` եթե նույնիսկ բանակցություններ չեն եղել, ապա ո՞րն է ՀԱԿ-ի այս հայտարարությանը պատճառը, մեր զրուցակիցն արձագանքեց. «ՀԱԿ-ը հասկանում է, որ բավականին բարդ իրավիճակ է սկսվել իրենց համար ընդդիմադիր դաշտում, և իրենք խնդիր ունեն, դա է պատճառը, որ փորձում են հարվածել ընդդիմադիր ուժին»:

Մարուքյանը վերջում նշեց, որ նման հայտարարությունով ՀԱԿ-ը փորձում է թուլացնել իրենց դաշինքը, բայց դա հակառակ արդյունքն է ունենալու: