կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-08 17:00
Հասարակություն

Ալեն Սիմոնյանը լկտի սուտ է տարածում. Նաիրա Զոհրաբյան

Ալեն Սիմոնյանը լկտի սուտ է տարածում. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը Ստրասբուրգից, որտեղ մասնակցում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին, հետևել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մարիա Կարապետյանի «բոցաշունչ ելույթին» ԱԺ ամբիոնից:

Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է. «Ինչպես միշտ, օրակարգից դուրս ելույթ ՝ իր էությանը հոգեհարազատ հասարակակական կազմակերպությունների շահերը պաշտպանելու համար: Տիկին Կարապետյանի յուրաքանչյուր բառը սուտ է և ապատեղեկատվություն: Երևի թե հեղափոխական նոր թրենդի մեջ է ստախոսությունը, մանիպուլյացիան, ապատեղեկատվությունը, բայց վստահեցնում եմ ձեզ ՝ իմ դեպքում դա ուղղակի չի անցնելու: Տիկի՛ն Կարապետյան, հեղինակություն նման անազնիվ մեթոդներով չեն վաստակում, եթե անգամ ձեր այսօրինակ գործունեության համար Եվրոպական միությունը ձեր դոշին փակցնում է «Քաջ կին» մրցանակը»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորն արդեն ֆեսյբուքյան լայվով անդրադարձաել է նաև ԱԺ բակում տրանսգենդեր կնոջ ելույթի դեմ բողոքող անձանց հետ հանդիպած Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե այդ մարդկանց ԱԺ է հրավիրել համապատասխան հանձնաժողովի նախագահը, այսինքն` ինքը` Նաիրա Զոհրաբյանը:

«ԵԽԽՎ-ում այսօր բարձրացրել եմ Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանի հարցը, և հենց այդ ժամանակ Ազգային ժողովի բակում անպարկեշտ ձևով մանիպուլյացիաներ անելու փորձ է արվում: Խորհրդարանական լսումներ անելու առաջարկը եղել է եռակողմ` մեր հանձնաժողովի, ՄԱԿ-ի ու ՄԻՊ գրասենյակի համաձայնությամբ: Մենք հաստատել ենք օրակարգի երեք ուղղությունները, որոնք վերաբերել են դատաիրավական համակարգին, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին, մանկատներում երեխաների խնդիրներին: Խորհրդարանի բակում հայտարարվեց, որ տրանսգենդեր կնոջն ու այդ կազմակերպությանը` «Իրավունքի կողմ», ԱԺ հրավիրել է Նաիրա Զոհրաբյանը: Դա լկտի սուտ է: Եռակողմ ստորագրությամբ հրավերներ ուղարկվել են բացառապես միջազգային դեսպաններին ու այն ՀԿ-ներին, որոնք հանդես են եկել հիմնական զեկույցներով: Մնացած ՀԿ-ներին, այդ թվում նաև` «Իրավունքի կողմին», ո՛չ ես, ո՛չ որևէ մեկը հրավեր չի ուղարկել: Իրենք են դիմել հանձնաժողովին, ցանկություն հայտնել մասնակցելու լսումներին»,- ներկայացրեց Զոհրաբյանը:

Նա նաև նշեց, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից թափահարվող թուղթը, որն իբրև թե ապացուցում է, որ վերոնշյալ ՀԿ-ին հրավիրողը Նաիրա Զոհրաբյանն է, ներառում է այն մարդկանց անունները, որ պետք է մուտք գործեին ԱԺ շենք: «Այդ մարդկանց անունները հանձնաժողովից պահանջել է ԱԺ անվտանգության ծառայությունը, ընթացակարգն է այդպիսին, և մասնակցության ցանկություն հայտնած 40-ից ավելի ՀԿ-ների մեջ է եղել նաև  այն ՀԿ-ն, որը ներկայացնում էր այդ տիկինը, կամ չգիտեմ` ով»,- մանրամասնեց պատգամավորը:

Մանրամասները դիտեք տեսանյութում: