| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Փետրվարի 7-ին բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է հերթական աշխատանքային քննարկումը բնապահպանության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների ներդրման վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, քննարկմանը մասնակցել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի  /ՄԱԶԾ/ ներկայացուցիչներ, մեդիափորձագետներ: «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության կողմից ներկայացվել են ծրագրեր, որոնց կիրառմամբ բնապահպանական բազմաթիվ հարցեր կարելի է լուծել: 
Անդրադարձ է եղել,մասնավորապես,կենսապլաստիկների արտադրությանը, որոնք կարող են կիրառում գտնել կենցաղում, սննդի, կոսմետիկայի, դեղագործության և շատ այլ ոլորտներում՝ պոլիէթիլենային տոպրակների փոխարեն: Կենսապլաստիկ տոպրակները ստացվում են բնական և վերականգնվող նյութից, որպես հումք առաջարկվում է կարտոֆիլի կեղևը, արտադրությունը գրեթե առանց թափոնների է և բնության համար անվտանգ: 
Ներկայացվել են նաև անօդաչու սարքերի միջոցով   անտառների վերականգնման և բույսերի միջոցով աղտոտված հողերի մաքրման /ֆիտոռեմեդացիա/ ծրագրերը: «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր-տնօրեն Վահան Շաքարյանը նշել է,  որ ներկայացված ծրագրերը գաղափարներ են, որոնք համապատասխան հաշվարկային գործընթաց պետք է անցնեն: «Ներկայացված գաղափարներն արդեն առաջադեմ մոտեցումներ են, որոնք կարող են լուրջ առաջընթաց արձանագրել բնապահպանական ոլորտում», -իր հերթին նշել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Համաձայնություն է ձեռք բերվել ընկերության և ՀՀ բնապահպանության նախարարության միջև Համագործակցության հուշագրի ստորագրման համար, ինչը հնարավորություն կտա աջակցելու կազմակերպությանը շարունակել աշխատանքը`  գաղափարը գիտականորեն հիմնավորված մակարդակի  բերելու և այն առևտրայնացնելու ուղղությամբ: Հանդիպմանը մասնակցող «AIRES» ընկերության փորձագետները անդրադարձել են քաղաքացիական հասարակության և նախարարության միջև կապուղիների, հեռահար մոնիթորինգի, տեղեկատվության տեսանկարահանման և դրա ներկայացման  կարողությունների ընդլայնման հնարավորություններին: Կարևորելով ներկայացված ծրագրերը մասնակիցները պայմանավորվել են շարունակել նմանատիպ հանդիպումները: Նախարարի առաջարկով նախատեսվում է  առաջիկայում ստեղծել նաև ՀՀ բնապահպանության նախարարին կից ՏՏ ընկերությունների խորհուրդ, ուր առավել լայն մասշտաբով կքննարկվեն տեղեկատվական տեխնոլոգիաների և բնապահպանության ոլորտում նորարարական լուծումների ներդրման հարցերը, ինչն էլ հնարավորություն կտա բիզնես-առաջարկները Դոնորների խորհրդին ներկայացնելու՝աջակցություն ստանալու և գաղափարները կյանքի կոչելու համար: