կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-26 19:47
Քաղաքական

Տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ

Տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Համաձայն հաստատված օրակարգի՝ քննարկվել են ԱՎԶՀ-ի 2016 թ. գործունեության և ֆինանսատնտեսական հաշվետվությունները: Հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջավադյանը ներկայացրել է հաշվետու տարում կատարված աշխատանքները՝ անտառների վերականգնման և զարգացման ծրագրերի մշակման ու իրականացման, ինչպես նաև ֆինանսական միջոցների ստացման, տնօրինման և նպատակային օգտագործման ուղղությամբ: Հոգաբարձուների խորհուրդը հավանության է արժանացրել ներկայացված հաշվետվությունները: Մեկ այլ հարցով հաստատվել է նաև հիմնադրամի 2017 թ. հաստիքացուցակը և գործադիր մարմնի վարչակառավարչական ապարատի ծախսերի նախահաշիվը: 

Այնուհետև Յուրի Ջավադյանը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել ԱՎԶՀ-ի 2017 թ. իրականացվելիք ծրագրերը: Հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ նախատեսվում է ընթացիկ տարում ավարտին հասցնել Սևանա լճին հարակից 20 հեկտար, ինչպես նաև Երևանի Նուբարաշեն վարչական շրջանին հարակից 35 հեկտար տարածքների անտառապատման աշխատանքները: Բացի այդ, անտառտնկումներ և ցանկապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Հրազդանի անտառտնտեսության 100 հա տարածքի վրա:
Նիստում քննարկվել են նաև անտառների պահպանությանը, վերականգնմանը և նոր անտառների ստեղծմանը վերաբերող այլ հարցեր: 

Վարչապետը կարևորել է հանրապետությունում անտառների վերականգնման ուղղությամբ շարունակական և հետևողական աշխատանքների իրականացումը: