|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտների ցանկը կլրացվի նոր՝ անտառների վերականգնման, անտառապատման, օգտագործման, խնամքի իրականացման աշխատանքներով: Հայաստանի Հանրապետությունում լայնածավալ անտառապատման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունից ելնելով՝ նախատեսվում է 2020 թ.-ին 10 մլն ծառ տնկել: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման առավելագույն տևողությունը 3 ամիս է: Աշխատանքներում ընդգրկված քաղաքացիներին՝ օժանդակ աշխատանքներ կատարելու համար մեկ աշխատանքային օրվա համար կվճարվի 5 հազ. դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:
Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով մի կողմից աջակցություն կցուցաբերվի Հայաստանում իրականացվող լայնածավալ անտառապատման և անտառավերականգնման աշխատանքներին, մյուս կողմից` ժամանակավոր աշխատանքով կապահովվեն մարզերում բնակվող գործազուրկ քաղաքացիները:
Վարձատրվող հասարակական աշխատանքներն իրականացվում են ՀՀ մարզերում, ընդ որում, առաջնահերթության կարգով` բարձր լեռնային և կամ սահմանամերձ բնակավայրերում:
Վարձատրվող հասարակական աշխատանքներում կարող են ընդգրկվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնում հաշվառված և գործազուրկի կարգավիճակ ստացած անձինք: