կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-07 15:48
Տարածաշրջան

Նոր լարվածություն Անկարայի և Թել Ավիվի միջև

Նոր լարվածություն Անկարայի և Թել Ավիվի միջև

Թուրքիայի և Իսրայելի միջև նոր լարվածություն է առաջացել: Պաշտոնական Անկարան խստորեն քննադատել է Իսրայելի խորհրդարանի այն որոշումը, որով պաշտոնական կարգավիճակ է տրվում Պաղեստինի տարածքում գտնվող, սակայն Իսրայելի կողմից օկուպացված բնակավայրերին: Այս մասին գրում է թուրքական «Milliyet» թերթի կայքը:

Ըստ Ermenihaber-ի՝ Թուրքիայի արտգործնախարարության (ԱԳՆ) պաշտոնակայքում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի խորհրդարանի՝ պաղեստինցիներին պատկանող տարածքներում կառուցված շուրջ 4000 բնակելի կառույցներին պաշտոնական կարգավիճակ տալու մասին որոշումը»:

Թուրքիայի ԱԳՆ-ի համաձայն՝ նշված կառույցները ապօրինի են, իսկ դրանց վերաբերյալ ընդունված որոշումը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 2016թ. դեկտեմբերի 23-ին ընդունված համար 2334 որոշմանը:

Աղբյուրի հավաստմամբ՝ Իսրայելի խորհրդարանում տվյալ որոշման ընդունումը մեծապես պայմանավորված է ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելու հանգամանքով:

Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական դիվանագիտական հարաբերությունները խաթարվել էին 2010թ.՝ թուրքական  «Մավի Մարմարա» նավի վրա իսրայելցի զինվորների հարձակման պատճառով: Երկու երկրների միջև դիվանագիտական կապը վերականգնվեց միայն այն բանից հետո, երբ Իսրայելը 2016թ. ներողություն խնդրեց Թուրքիայից և համաձայնեց փոխհատուցում վճարել հարձակման ժամանակ զոհված Թուրքիայի քաղաքացիների ընտանիքներին: