կարևոր
2443 դիտում, 15 ժամ առաջ - 2025-05-03 13:48
Աշխարհ

Ադրբեջան-Իսրայել. պատուհան Բաքվից՝ Թել Ավիվի տեսարանով

Ադրբեջան-Իսրայել. պատուհան Բաքվից՝ Թել Ավիվի տեսարանով
Վերջին շրջանում Ադրբեջանը մամուլում ավելի հաճախ է հիշատակվում որպես երկիր, որը կարող է ներառվել «Աբրահամյան համաձայնագրերերում»: Սա Իսրայելի եւ մի շարք արաբական պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրերի շարք է, որոնք կնքվել են 20-ականների սկզբին։ Համաձայնագրերը կոչվել են ի պատիվ Աբրահամ մարգարեի, ում հավատը առկա է բոլոր հիմնական կրոններում՝ հուդայականություն, քրիստոնեություն եւ իսլամ:

Տեղին է հիշեցնել՝ հիշյալ համաձայնագրերի շրջանակներում Իսրայելը խաղաղության պայմանագրեր է կնքել Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի եւ Մարոկկոյի հետ: Սուդանը ստորագրել է «Աբրահամի համաձայնագրերի մասին հռչակագիրը» եւ չեղարկել Իսրայելի հետ կապերն արգելող օրենքը, սակայն չի ավարտել հրեական պետության հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Համաձայնագրերը կնքվել են Դոնալդ Թրամփի առաջին նախագահության ժամանակ, եւ դրանք շատ նման են այն գործարքներին, որոնք նա այդքան շատ է սիրում: Այն երկրները, որոնց նա դրդել է մերձենալ Իսրայելի հետ, որոշակի արտոնություններ են ստացել, մասնավորապես ԱՄԷ-ն հասանելիություն է տրամադրել ամերիկյան նորագույն սպառազինություններին եւ իսրայելական տեխնոլոգիաներին։ Մյուս երկրները նույնպես առանց նվերների չեն մնացել։ Կոալիցիային մասնակիցները Բահրեյնը պաշտպանում է Իրանի սպառնալիքներից։ Սուդանին երաշխավորված է ֆինանսական օգնություն եւ «ահաբեկչության հովանավոր» պետությունների ամերիկյան ցուցակից հեռացում եւ ֆինանսական օգնություն: ԱՄՆ-ը ճանաչել է Մարոկկոյի ինքնիշխանությունն Արեւմտյան Սահարայի նկատմամբ: Միացյալ Նահանգների նպատակն է Իրանին հակազդելու համար ստեղծել «արաբական ՆԱՏՕ», որը կհարթեր Մերձավոր Արեւելքի գործերը, բնականաբար, Վաշինգտոնի պահանջներին համապատասխան: Իսկ ամերիկացիներն իրենք կարող էին կրճատել պաշտպանական ծախսերը եւ նվազեցնել ռազմական կոնտինգենտները տարածաշրջանում։ Բայդենի օրոք «Աբրահամի համաձայնագրերը» հետագա զարգացում չեն ստացել։ Եվ արաբական երկրների շրջանում դրանց նկատմամբ մեծ հետաքրքրություն չի նկատվել՝ չնայած Իսրայելի սպասումներին։ Սպասելի էր՝ պայմանագրերը դատապարտել են Ալժիրը, Թունիսը, Լիբիան, Իրանը, Եմենը: Անհամաձայնություն է հայտնել նաեւ Պաղեստինի ղեկավարությունը։

Սակայն վերջերս Թրամփը, դիմելով ԱՄՆ Կոնգրեսին, ընդգծել է, որ մտադիր է զարգացնել համաձայնագրերը: Նախագահի օգնական Մայք Ուոլցի կարծիքով՝ պայմանագիրը ստորագրած հաջորդ երկիրը կարող է դառնալ Սաուդյան Արաբիան: Ի դեպ, այդ մասին խոսակցությունները վաղուց են ընթանում, բայց կոնկրետ արդյունք չկա. երկու երկրների միջեւ բազմաթիվ գայթակղություններ են մնում։

Այլ բան է Ադրբեջանը։ Այսօր այն միակ մահմեդական երկիրն է, որն ունի մշտական եւ համակողմանի գործընկերային հարաբերություններ Իսրայելի հետ։ Մասնավորապես, Ադրբեջանը 30 տարի շարունակ Իսրայելի էներգետիկ անվտանգության երաշխավորն է՝ ապահովելով նրա նավթի պահանջները։ Իր հերթին, Բաքուն Թել Ավիվից գնում է պաշտպանական արտադրանք՝ Էլեկտրոնիկա, հարվածային եւ հետախուզական անօդաչու թռչող սարքեր, նավիգացիայի եւ օպտիկայի համակարգեր, բարձր ճշգրտության զինամթերք: Այն թույլ է տալիս հրեական պետությանը համալրել բյուջեն եւ ստեղծել աշխատատեղեր։

Բացի այդ, Ադրբեջանը դարձել է առաջին մահմեդական երկիրը, որն իր դասագրքերում ներառել է հակասեմականության սահմանումը։ Այս պետությունը կարեւոր դեր է խաղում «Մեծ Մերձավոր Արեւելք» ստեղծելու ԱՄՆ ծրագրերում՝ նպաստելով Իսրայելի մերձեցմանը Պարսից ծոցի միապետություններին:

Այս եւ այլ եզրահանգումներ են արել Ռամաթ Գանայի Բար Իլանի անվան իսրայելական համալսարանի փորձագետները: Նրանք, մասնավորապես, կարծում են, որ Ադրբեջանը պետք է ինտեգրվի «Աբրահամի համաձայնագրերին»։ Նրանց կարծիքով՝ Ադրբեջանի փորձը Իսրայելի հետ համագործակցության ոլորտում կարող է տարածվել նաեւ Մերձավոր Արեւելքի, Ասիայի եւ Աֆրիկայի այլ երկրներում:

Վերջերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը մեկնել է Իսրայել, որտեղ բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: The Jerusalem Post պարբերականն այդ հանդիպումն անվանել է «բեկումնային պահ» տարածաշրջանային քաղաքականության մեջ: Բանակցությունները տեղի են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Նեթանյահուի երկխոսությունից երկու օր անց եւ, հավանաբար, դրանց ժամանակ խոսք է գնացել «Աբրահամի համաձայնագրերում» Ադրբեջանի ընդգրկման մասին: «Քանի որ Թրամփի վարչակազմը ձգտում է վերակառուցել տարածաշրջանային դաշինքները, Ադրբեջանի դերը «Մեծ Մերձավոր Արեւելքում» Իսրայելի ինտեգրմանը նպաստելու գործում կարող է վճռորոշ լինել, հատկապես մահմեդական այլ երկրների հետ անվտանգության եւ տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման գործում»: Նման կարծիք է հայտնել The Jerusalem Postը:

Կարեւոր կետ. Ալիեւը վաղուց է կապեր պահպանում Նեթանյահուի հետ. Գործընկերները բազմիցս հանդիպել են եւ լավ ուսումնասիրել միմյանց: Նրանք շփման շատ կետեր ունեն, սակայն մի հարցում նրանց դիրքորոշումները տարբեր կլինեն։ Ալիեւը բազմիցս ասել է` պետք է ստեղծվի անկախ պաղեստինյան պետություն, իսկ Արեւելյան Երուսաղեմը պետք է դառնա նրա մայրաքաղաքը։ Եվ ընդգծել` Բաքվի այդ դիրքորոշումն անփոփոխ է։

Ադրբեջանի մասնակցությունը կոալիցիային կարեւոր է Իսրայելի համար.Թել Ավիվը ցույց է տալիս արաբական երկրներին, որ ձեռք է բերել եւս մեկ դաշնակից եւ դրանով ամրապնդում է իր դիրքերը Մերձավոր Արեւելքում:

«Աբրահամյան համաձայնագրերում» Ադրբեջանի ընդգրկումը երաշխավորում է երկրի տնտեսական արտոնությունների ստացումը եւ Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ ավելի սերտ հարաբերությունների հեռանկարներ  բացումՍակայն փորձագետները նախազգուշացնում են այն վտանգի մասին, որը հղի է Թել Ավիվի եւ Բաքվի մերձեցմամբ։ Այն գալիս է Թեհրանից։

Ադրբեջանն ու Իրանը կապված են տնտեսական սերտ հարաբերություններով։ Նրանք համագործակցում են մասնավորապես էներգետիկայի, տրանսպորտի, գյուղտնտեսության, ջրային ռեսուրսների ոլորտներում։ Արաքսի Հյուսիսային եւ հարավային ափերին գտնվող երկրներն ունեն բազմաթիվ ազգակցական եւ ընտանեկան կապեր։ Սակայն Ադրբեջանի եւ Իրանի հարաբերությունները միշտ էլ բարդ, խճճված են եղել։ Օրինակ, Բաքվում մեղադրում են Իրանը աջակցել է Հայաստանին Լեռնային Ղարաբաղի շուրջ զինված հակամարտության ընթացքում, պարբերբար կողմերը սահմանային զորավարժություններ են անցկացրել եւ այլն:

Թեհրանը միշտ խանդով է վերաբերվել Ադրբեջանի եւ Իսլամական Հանրապետության վաղեմի թշնամի Իսրայելի մերձեցմանը: Երբեմն դա դիվանագիտական սկանդալների եւ երկու կողմերի կոշտ հայտարարությունների պատճառ էր դառնում։ Թեհրանը կասկածում է՝ Ադրբեջանը, իբր, թույլ է տալիս Իսրայելին օգտագործել իր տարածքը՝ իր միջուկային ծրագիրը լրտեսելու համար։ Ավելին, ամերիկացի քաղաքական գործիչ եւ իսրայելական լոբբիի ներկայացուցիչ Էլիոթ Էնգելը հայտարարել է՝ Ադրբեջանի իշխանությունները թույլ են տվել Իսրայելին օգտագործել իր տարածքը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների համար։

Եթե նույնիսկ սա չափազանցություն է, ապա դա այնքան էլ մեծ չէ։ Իսրայելը, հավանաբար, կփորձի հնարավորինս մոտենալ իր թշնամու «որջին»…

Դժվար չէ կանխատեսել Թեհրանի զայրացած արձագանքն «Աբրահամյան համաձայնագրերում» Բաքվի ընդգրկմանը: Բայց դժվար թե գործը գրգռված խոսքերից ու կտրուկ հայտարարություններից այն կողմ գնա։ Իրանը լուրջ փաստարկներ չունի Բաքվի եւ Թել Ավիվի հետագա մերձեցումը կասեցնելու համար։

Եվ հազիվ թե Իսլամական Հանրապետության ղեկավարությունը ցանկանա «մինչեւ արյուն» վիճել իր մերձավոր հարեւանի հետ։ Իրանն առանց այն էլ բավականաչափ թշնամիներ ունի։ Եվ երկրի տնտեսական վիճակը ծայրահեղ ծանր է…։
 

 

Վալերի Բրուտ

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի