կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-06 13:08
Քաղաքական

ՀՅԴ-ն կողմ է Փաշինյանի նախագծին

ՀՅԴ-ն կողմ է Փաշինյանի նախագծին

Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձեւավորման աղբյուրները եւ գույքային վիճակն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը:

Նա նշեց, որ նման հանձնաժողով ստեղծելու հարցը թեև վաղուց կա հանրային օրակարգում, սակայն առիթը եղավ 1000 դրամների նախագիծը, երբ հասարակությունը սկսեց արդարացի հարցեր բարձրացնել, օրինակ` ինչո՞ւ 25 տարվա պետության բյուջեում փող չկա, որպեսզի հոգան անվտանգության ու առողջության պահպանման հարցերը: Պատգամավորի խոսքով` պետք է ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքային վիճակը, դրանց ծագումնաբանությունը, և ՀՀ քաղաքացիները կունենան հարցի պատասխանը, թե ով ինչքան հարստություն է կուտակել իր պաշտոնավարման ընթացքում:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ն կողմ է այդ նախագծին:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ շահագրգռված են, որ ուսումնասիրվի բարձրաստիճան բոլոր պաշտոնյաների ունեցվածքը` սկսած 1991-ից:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը կարծիք հայտնեց, որ կողմ է նախագծին, բայց այն պետք է շարունակություն ունենա` ընդհուպ մինչև լյուստրացիայի մասին օրենքի ընդունումը:

ՕԵԿ խմբակցությունը հայտարարեց, որ կողմ է նախագծին:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ ձևական նախագիծ է, որովհետև առանց այդ նախագծի էլ բազմաթիվ քայլեր են արվում ապօրինի հարստացման կանխման ուղղությամբ: Նա հայտարարեց, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու այդ նախագծին:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ ՀՅԴ խմբակցությունն ունի կայուն սկզբունք` բոլոր այն նախագծերին, որոնք բերում են գործընկերները, քվեարկել կողմ, որպեսզի քննարկման ու տեսակետներ հնչեցնելու հնարավորություն ընձեռվի, բացառությամբ այն նախագծերի, որոնք ունեն ակնհայտ պոպուլիստական ու անիրագործելի իմաստ:

«Մեր խմբակցությունը կողմ է քվեարկելու պարոն Փաշինյանի այս նախագծին, բայց ինձ հետաքրքրում է հետևյալ հարցի պատասխանը. առաջարկվում է ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով այս հարցը ուսումնասիրելու համար, մենք ավարտում ենք այս ԱԺ-ի աշխատանքները, մնացել է մեկ, մեկուկես ամիս, և եթե այս նախագիծը քվեարկությամբ ընդունվի, ի՞նչ է անելու այս հանձնաժողովը: Եթե նոր ԱԺ է կազմվելու, ապա այս հանձնաժողովի լիազորությունները դադարելու են և չի կարողանալու իրականացնել անցած 25 տարիներին բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեության ուսումնասիրությունը»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ԱԺ ընդունած օրենքները չեն սահմանափակվում տվյալ ԱԺ գումարման նստաշրջանով, և խնդիրն այն է, որ իր առաջարկած նախագիծը պետք է դառնա Հայաստանի քաղաքականության օրակարգային հարց: Ըստ նրա` լավ աշխատող հանձնաժողովը կկարողանա անգամ չորս ամսվա ընթացքում շատ բան անել:

39 պատգամավոր կողմ քվեարկեց, 56 պատգամավոր` դեմ: Որոշումը չընդունվեց: