Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել տեսադասերի և հեռավար կրթության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը, որը վարել է նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՆ հանրակրթության վարչության պետը, տեսադասերի կազմակերպման մենթորությունը ստանձնած առաջատար դպրոցների տնօրենները: Խորհրդակցությանը հրավիրված է եղել նաև AVC ընկերության ներկայացուցիչը: Ընկերությունը հեռավար կրթության արդյունավետ փորձ ունի, աշխատում է սփյուռքի հայկական դպրոցների և կենտրոնների հետ և ապահովում է Հայկական վիրտուալ համալսարանի գործունեությունը:
ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ներկայացնելով աշխատանքային խմբի գործունեությունը, նշել է, որ արդեն ձևավորվել են տեսադասերի կազմակերպման պատասխանատվությունը ստանձնած մենթոր դպրոցների ցանցը, որոնցից յուրաքանչյուրն աշխատում է իր խմբում ընդգրկված հեռավոր գյուղերի դպրոցների հետ. «Գյուղական հեռավոր դպրոցների և առաջատար դպրոցների միջև աշխատանքային մշտական ռեժիմ սահմանելու խնդիրն առաջ է եկել հետևյալ պատճառներով. առաջին՝ կան դպրոցներ որտեղ համապատասխան առարկայի մասնագետներ չկան: Տեսադասերի կազմակերպումն, իհարկե խնդրի հիմնական լուծում չէ՝ որևէ տեսադաս չի կարող փոխարինել ուսուցչին: Այժմ մենք մտածում ենք հեռավոր գյուղական դպրոցներում մասնագետների բացը լրացնելու նպատակով խրախուսական մեխանիզմներ ներդնելու մասին: Տեսադասերի իրականացման հաջորդ նպատակը օժտված և տաղանդավոր երեխաների բացահայտումն է, որոնց հետագայում կարող ենք օլիմպիական խմբակներում ընդգրկել: Մենթոր դպրոցների առանձնացմամբ, սակայն, մենք տեղերում աշխատող ուսուցիչների հեղինակությանը վնասելու նպատակ չուենենք. սա ընդամենը աջակցություն է, փորձի փոխանակում, որը կարող է երկուստեք օգտակար լինել»,- ընդգծել է Դ. Սահակյանը:
Քննարկման ընթացքում մենթոր դպրոցների տնօրենները ներկայացրել են իրենց խմբում ներգրավված դպրոցների խնդիրները, որոնք բազմազան են՝ սկսած տեխնիկական սարքավորումների առկայությունից և ինտերնետ կապի որակից մինչև մասնագետների բացակայություն: Որպես հիմնական մտահոգություն առանձնացվել է հանգամանքը, որ գյուղական դպրոցներում շատ հաճախ բացակայում են տեսադասերի կազմակերպման համար անհրաժեշտ թվով համակարգիչներ և այլ միջոցներ, շատ դեպքերում էլ համապատասխան առարկաները դասավանդող ուսուցիչները չեն տիրապետում տեսադասեր վարելու և կազմակերպելու հմտություներին: Առաջարկություն է հնչել տեսադասերի կազմակերպման մեթոդի ուսուցման վերապատրաստում իրականացնելու վերաբերյալ: Քննարկելով խնդիրներն ու ներկայացված առաջարկությունները՝ հանձնարարվել է յուրաքանչյուր մենթոր դպրոցում ունենալ տեսադասերի կազմակերպման պատասախանատու, ով ամեն շաբաթ ԿԳՆ հանրակրթության վարչությանը կներկայացնի կատարված աշխատանքն ու իրենց խմբերում ներգրավված դպրոցների խնդիրները:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԿԳ նախարարի տեղակալ Դ. Սահակյանն նշել է, որ տեսադասերի և հեռավար կրթության փորձնական փուլը շարունակվելու է մինչև այս ուսումնական տարվա ավարտը. «Փորձնական ծրագրի հիմնական արդյունքները կամփոփվեն ուսումնական տարվա ավարտին, որից հետո համապատասխան առաջարկություն կներկայացվի ՀՀ կառավարություն՝ տեսադասերը որպես հիմնական կրթական բաղադրիչ ուսումնական պլաններում ընդգրկելու վերաբերյալ»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև մի շարք կազմակերպչական և աշխատանքային հարցերի: