Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ի կատարումն ՀՀ կառավարության՝ գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում բնագիտական առարկաների տեսադասերի ապահովման, շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հաղորդակցային կապի իրականացման վերաբերյալ հանձնարարականի՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ:
Պարբերական քննարկումների արդյունքում աշխատանքային խումբը, որտեղ ընդգրկված են էլեկտրոնային կրթության ոլորտում առաջավոր փորձ ունեցող դպրոցների տնօրենները, առաջարկել էր ընտրել հանրապետության 11 առաջատար /մենթոր/ դպրոցներ, որոնք պատրաստ են օժանդակել աջակցության կարիք ունեցող հանրակրթական ուսումնական հաստատություններին: Մենթոր դպրոցները վերջին մի քանի ամիսներին համագործակցված աշխատում են շուրջ 4 տասնյակ գյուղական դպրոցների հետ /մենթի դպրոցներ/, որոնք համատեղ աշխատանքային գրաֆիկ են մշակել՝ կազմակերպելով շաբաթական առնվազն մեկ տեսադաս:
Փետրվարի 25-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հրավիրվել է համաժողով՝ մենթոր և մենթի դպրոցների մասնակցությամբ, որտեղ քննարկվել են այս ընթացքում մենթոր և մենթի դպրոցների համագործակցության հաջողված փորձն ու առկա խնդիրները: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: Նախարարի տեղեկալն իր խոսքում ընդգծել է, որ կրթության մեջ հաջողությունները ընդհանուր որակ են ապահովում, եթե դրանք չեն կենտրոնանում մեկ առանձին կենտրոնում. <<Յուրաքանչյուր դպրոց ունի իր յուրահատուկ խնդիրը. մեր խնդիրն է, որպես նախարարություն, գտնել այնպիսի լուծումներ, որ որևէ երեխա դպրոցում առկա որևէ խնդրի պատճառով դուրս չմնա ցանկացած առարկայից լիարժեք կրթություն ստանալու հնարավորությունից: Եթե որևէ դպրոցում չկա մասնագետ, կամ մասնագետ կա, սակայն, օրինակ, բացակայում է քիմիայի կամ ֆիզիկայի լաբորատորիան, դա չի նշանակում, թե այդ դպրոցում սովորող երեխան երբևէ չպիտի տեսնի լաբորատար փորձ: Մեր նպատակն է ստեղծարար և նորարար մոտեցումներով, ուժերի համախմբմամբ ապահովել արդյունք բոլորի համար: Այսինքն՝ եթե որևէ այլ դպրոցում կան այդ հնարավորությունները, ուրեմն տեխնիկական միջոցներով այն պետք է հասանելի լինի նաև մյուսներին>>,- իր խոսքում նշել է ԿԳ նախարարի տեղակալը՝ շեշտելով, որ տեսադասերի մուտքը կրթական գործընթաց չի նշանակում ուսուցչի դերի նվազեցում: <<Ես վստահ եմ՝ որքան էլ մենք ապրում ենք տեխնիկական նորամուծությունների և բազմաթիվ աշխատանքների ռոբոտացման ժամանակաշրջանում, միևնույնն է, ուսուցչի անհրաժեշտությունը երբևէ չի նսեմանալու: Ուսուցիչը միշտ անհրաժեշտ է սովորողին. այդպես եղել է նախկինում, այդպես լինելու է ապագայում>>,- ընդգծել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ եթե որևէ կրթական ռեֆորմ ուղեկցվի ուսուցչի հեղինակության խաթարմամբ, ապա այն ի սկզբանե դատապարտված է ձախողման:
Մենթոր և համագործակցող դպրոցների ձևավորումը, ինչպես նշել է Դավիթ Սահակյանը, ամենևին չի նշանակում, թե մենթորները, ովքեր իրենց խմբերում ընդգրկված դպրոցներին աջակցելու առաքելություն են ստանձնել, նրանց ղեկավարն են կամ էլ վերադասը. <<Նպատակը փորձի ընդհանրացումն է, որտեղ երկու կողմն էլ սովորելու բան ունեն միմյանցից>>,- իր խոսքում շեշտել է Դավիթ Սահակյանը: Նախարարի տեղակալի խոսքով՝ տեսադասերի կազմակերպումը, որն այժմ իրականացվում է փորձնական նպատակով, դառնալու է կրթական հիմնական ծրագրի պահանջ, քանի որ դա ժամանակի հրամայական է:
Համաժողովի ընթացքում մենթոր դպրոցները ներկայացրել են տեսադասերի կազմակերպման իրենց փորձն ու համագործակցող դպրոցների հետ աշխատանքի ձևաչափը, տեղի են ունեցել խմբային քննարկումներ: Համաժողովի հիմնական նպատակը փորձնական ծրագրի արդյունքների միջանկյալ քննարկումն է: Ծրագրի փորձարկումը՝ դպրոցների արդեն ձևավորված խմբերով, շարունակվելու է մինչև ուսումնական տարվա վերջ, որից հետո կկատարվեն հիմնական վերլուծությունն ու ամփոփումը: Նախատեսվում է, որ տեսադասերի արդյունավետության գնահատման արդյունքում այն գալիք ուսումնական տարվանից կմտցվի կրթական ծրագրերի մեջ՝ որպես հիմնական բաղադրիչ: