Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-02-02 13:21
Հասարակություն

ՔԿ-ն կուսումնասիրի նորածնի մահվան դեպքի վերաբերյալ հրապարակումները

ՔԿ-ն կուսումնասիրի նորածնի մահվան դեպքի վերաբերյալ հրապարակումները

Հունվարի 27-ին «Մուրացան» հիվանդանոցում նորածնի մահվան փաստի վերաբերյալ հրապարակումներն ուսումնասիրվել են ՀՀ գլխավոր դատախազությունում և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե: Yerkir.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ հրապարակման կապակցությամբ նախապատրաստված նյութերը կուսումնասիրվեն ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Հիշեցնենք, որ 2017թ. հունվարի 26-ին Արմավիրի բժշկական կենտրոնում 19-ամյա կինը լույս աշխարհ էր բերել առաջնեկին, որը երեք օր անց մահացել էր «Մուրացան» հիվանդանոցում: Երեխայի մահվան համար հարազատները մեղադրում են Արմավիրի ծննդատան բժիշկ Նշան Գևորգյանին, ով ընդունել է երեխայի ծնունդը:

Գևորգյանը, ով Արմավիրի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչն է, նախկինում երկու անգամ դատապարտված է եղել: Տարիներ առաջ՝ 2010-ին նրան մեղադրանք էր առաջադրվել 3 հիվանդի մահվան համար:

Դատարանի որոշմամբ` բժիշկը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 5 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու: Սակայն դատարանը նրան համաներմամբ ազատ է արձակել:

Երկրորդ անգամ նա ամբաստանյալի աթոռին հայտնվել է 2014-ին: Նշան Գեւորգյանը 2014թ. փետրվարին կեսարյան հատում կատարելու համար հղի Ալինա Գևորգյանի սկեսուրից, որպես կաշառք, պահանջել է գումար, սակայն, մերժում ստանալով, հրաժարվել է հղիին բուժօգնություն ցուցաբերելուց: Դատարանը Գեւորգյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 1,5 տարվա ազատազրկման, սակայն, կիրառելով Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, դատարանը որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով: