կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-30 17:16
Տարածաշրջան

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը Գլեդիս Բերեջիքլյանին հրավիրել է Թուրքիա

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը Գլեդիս Բերեջիքլյանին հրավիրել է Թուրքիա

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հայ կին պատգամավոր Սելինա Դողանը շնորհավորական նամակ է գրել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի վարչապետ դարձած Գլեդիս Բերեջիքլյանին։

Ըստ Demokrathaber-ի՝ հայերենով և անգլերենով ուղղված նամակում Դողանը նշել է, որ «100 տարի առաջ տեղի ունեցած մեծ արհավիրքից հետո հայերը ցրվել են աշխարհի տարբեր երկրներ, որտեղ ապրում են ամբողջովին տարբեր քաղաքական ու կենցաղային մշակույթներով»։

Դողանն իր նամակում ուշադրություն է դարձրել այն փաստին, որ, լինելով ազգային փոքրամասնության ներկայացուցիչ և կին, փորձում են ամեն կերպ հաղթահարել դժվարությունները: «Այդ բոլոր դժվարությունների դեմ մենք՝ որպես հայ կին, ստիպված ենք քաղաքականությամբ զբաղվել՝ հաշվի առնել այն իրականությունները, որտեղ ապրում ենք, պաշտպանել համատեղ ապրելու մշակույթն ու հասարակությունների խաղաղությունը, ինչպես նաև սեռական հավասարությունը»,- գրել է պատգամավորը՝ որպես հայ կնոջ օրինակ ներկայացնելով Զաբել Եսայանին:

«Մենք պարտավոր ենք Զաբել Եսայանի նման ուժեղ և ստեղծող լինել: Մենք պետք է համերաշխության մեջ լինենք աշխարհի շատ երկրներում քաղաքականությամբ զբաղվող, մայրություն անող հայ կանանց հետ: Որպես Թուրքիայում քաղաքականությամբ զբաղվող հայ կին պատգամավոր՝ շնորհավորում եմ Ձեզ նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ և տեղեկացնում, որ Ձեզ հետ համերաշխության մեջ եմ: Պատիվ կզգամ նաև Ձեզ հյուրընկալել Թուրքիայում»,- նշել է Դողանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Աստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի վարչապետ էր ընտրվել Հայ Դատի հանձնախմբի անդամ Գլեդիս Բերեջիքլյանը: