կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-03 16:58
Տարածաշրջան

«Փայլանի հայտարարությունը ժամանակային առումով հարմար չէր». Կարոյից հետո «Ակօս»-ում հոդված է հրապարակել նաև Մեջլիսի հայ կին պատգամավորը

«Փայլանի հայտարարությունը ժամանակային առումով հարմար չէր». Կարոյից հետո «Ակօս»-ում հոդված է հրապարակել նաև Մեջլիսի հայ կին պատգամավորը

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ` հայ կին պատգամավոր Սելինա Դողանը Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս»-ում հոդված է հրապարակել՝ անդրադառնալով իր գործընկերոջ՝ Կարո Փայլանի դեմ կայացված անարդար որոշմանն ու օրակարգային մի շարք հարցերի:

Նշենք, որ երեկ «Ակօս»-ում հոդված էր հրապարակել նաև Կարո Փայլանը: Կարդացեք այստեղ:

«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ Ստամբուլից պատգամավոր Կարո Փայլանը Մեջլիսում Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ իր ելույթի պատճառով զրկվեց Մեջլիսի 3 նիստի մասնակցելու իրավունքից, որից հետո թե' մեր համայնքում և թե' դեմոկրատական հանրության շրջանակներում բանավեճեր ծավալվեցին, որոնց ընթացքում Փայլանին աջակցողների կողքին եղան նաև նրա ելույթը «ոչ տեղին և ոչ ժամանակին» որակողներ:

Հաջորդ օրը, երբ լրագրողներն այդ հարցով իմ տեսակետը հարցրեցին, ասացի. «Մեջլիսի ամբիոնն անձեռնմխելի է, և խոսքի ազատությունը պատգամավորների համար նույնքան կարևորություն ունի, որքան քաղաքացու համար: Որքան էլ դրանք մեզ համար տհաճ լինեն, պետք է դրանց մասին խոսել Թուրքիայի Մեջլիսում: Մեզ համար տհաճ այս խնդիրները պետք է քննարկել ոչ թե այլ երկրների խորհրդարաններում, այլ՝ Մեջլիսում, ինչպես անում ենք Թուրքիային վերաբերող մյուս խնդիրներ դեպքում»:

Բացի այդ,` հայտնեցի իմ տեսակետը, որ Փայլանի հայտարարությունները ժամանակային առումով հարմար չէին՝ նշելով նաև, որ ամեն ինչ ունի իր տեղն ու ժամանակը:

Մեր համատեղ պատասխանատվությունը

Այս առիթով ցանկանում եմ մեկ անգամ ևս նշել, որ ես դեմ եմ Փայլանի նկատմամբ կայացված որոշմանը: Այդ որոշումը հարված է մտքի և խոսքի ազատությանը: Իմ այս տեսակետն արտահայտեցի խիստ նրբանկատ: Կարո Փայլանին թիրախավորելու փորձն ու մեր համայնքի մտահոգություններն ուշադրության արժանացնելով` ատելության ելույթները կանխելը մեր համատեղ պարտականությունն է:

Իմ ընկեր Կարո Փայլանն իր հետ կատարվածի մասին պատմել է «Ակօս»-ում հրապարակած իր հոդվածում: Նա ասել է. «ԶԼՄ-ների հետ զրույցում իմ ծանոթներից երկուսն էլ ելույթս որակել էին «ոչ տեղին և ոչ ժամանակին»: Զարմացել էի: Նման ժամանակներում վարանումներ լինում են, վախի և անհանգստանալու զգացողությունը հասկանալի է»: Ակնհայտ է, որ այս խոսքերով նա ինձ է ակնարկել:

Անցնում ենք արտահերթ ժամանակաշրջանով, որը պարտադրում է միանձնյա ռեժիմ: Ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ քաղաքական կուսակցությունները հանրաքվեի մարտավարություններ են մշակում, ուր անգամ ԺԴԿ-ն «Ազգայնական շարժում» կուսակցությանը համոզելու համար մեսիջներ է հղում: Մեր առաջնահերթ պարտականությունն այս երկիրը բնականոն հուն վերադարձնելն ու այն ժողովրդավար դարձնելն է: Մենք մեր խնդիրները կկարողանանք քննարկել միայն ավելի ժողովրդավար երկրում:

Կոնյունկտուրան պետք էր հաշվի առնել

Հայկական հարցը նախկինում էլ հայտնվեց և քննարկվեց Մեջլիսի օրակարգում: Չնայած բողոք առաջացնելուն՝ «ցեղասպանություն» եզրույթը մինչ այդ էլ օգտագործվեց Մեջլիսում, և դրա համար պատիժներ չսահմանվեցին: Նման քննարկում վերսկսելու համար պետք էր քաղաքական կոնյունկտուրան  հաշվի առնել:

Յուրաքանչյուր քննարկում, որը տեղի է ունենում անգամ հիմնական իրավունքների և ազատությունների բացակայության մթնոլորտում, մեր տատիկներին և պապիկներին վիրավորելուց բացի, ուրիշ գործի չէր կարող ծառայել: 100 տարվա վաղեմության տաբուի մասին փորձել խոսել այն մթնոլորտում, երբ դեռ բացվում են «Շների մուտքն արգելվում է» նացիստական գրությամբ` տարադրամի փոխանակման կետեր, որտեղ բռնություն է կիրառվում պրոթեզով պատգամավորի նկատմամբ, և որտեղ տարատեսակ ապօրինություններ են տեղի ունենում, չէր կարող դրական արդյունքներ ծնել: Եվ այդպես էլ եղավ:

Ավելին` այդ ելույթի պատճառով ստեղծվեց այնպիսի մթնոլորտ, որ այդ հարցը բարձրացնելն ավելի անհնար դարձավ:

Խորհրդարանի յուրաքանչյուր պատգամավոր, իմ տեսանկյունից, կարևոր է: Թեկուզ տարբեր կուսակցություններից՝ հավատում եմ, որ հիմնական խնդիրների մասին պետք է քաղաքական համահունչ գործունեություն ծավալենք:

Պետք է ասեմ, որ ներկայիս իրավիճակում «շողոքորթելու» վերաբերյալ հայտարարություններն անարդար և վիրավորական եմ համարում: Այս բանավեճը տարբեր հարթակներում օրերով քննարկելն ավելի անառողջ հետևանքներ կծնեն:

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի