Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանը Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում կներկայացնի իր կուսակցությունը:
Ermenihaber-ը հայտնում է, որ թեմայի վերաբերյալ Թուրքիայի հայկական «Ակօս» թերթին հարցազրույց տված Փայլանը նշել է, որ սահմանադրական քննարկումներից առաջ նախ պետք է դադարեցնել երկրում անվերջ շարունակվող զինված բախումները:
«Պետք է վերջ տալ այս մթնոլորտին: Սպանությունների և բախումների մթնոլորտում հնարավոր չէ սահմանադրություն ստեղծել: Պետք է միջոցներ ձեռնարկել՝ մեծացնելու այն հավատը, որ հնարավոր է ստեղծել ոչ թե միահեծան, այլ ժողովրդավարական սահմանադրություն»,- ասել է պատգամավորը:
Նա նշել է, որ իրենք պատրաստ են լսել, դիտարկել իշխանության առաջարկած պետության կառավարման (նախագահական) մոդելը, նաև սեփական առաջարկներն անել: Սակայն առաջարկվող նախագահական մոդելն ընդունելի չեն համարում:
«Չենք կարծում, թե Թայիփ Էրդողանի առաջարկած նախագահական մոդելը ժողովրդավարական է: Մենք այն համոզման ենք, որ դա բռնապետական մոդել է: Մեր չափանիշը ժողովրդավարությունն է: Մենք ուզում ենք, որ հասարակության բոլոր խավերը, նրանց իրավունքները, արդարադատությունը պաշտպանված լինեն»,- ասել է Փայլանը:
Անդրադառնալով նաև Հայկական հարցին՝ նա ընդգծել է, որ հայերը նաև 150 տարի առաջ են այդ երկրում ժողովրդավարության համար պայքար մղել, մի շարք հայ պատգամավորներ ստեղծել ու առաջարկել են սահմանադրության իրենց նախագիծը:
«Բայց այն ժամանակ իշխող մեկ այլ ֆաշիստական մոտեցման պատճառով բոլոր այդ առաջարկներն անտեսվեցին, հասարակությունը բևեռացվեց: Մենք մեծ ողբերություն ապրեցինք»,- նշել է Փայլանը:
Պատգամավորը հավելել է, որ, որպես հայ, ամեն ջանք թափելու է՝ հայերի պահանջները մեջլիսում հստակ ներկայացնելու և հասարակության բոլոր խավերի համար շահավետ, ժողովրդավարական սահմանադրության ստեղծումն ապահովելու համար: