Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր օրերին քաղաքական ուժերը միմյանց հետ բանակցությունների մեջ են` քննարկելու հնարավոր դաշինքներով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու տարբերակները: Արդեն իսկ կազմվել և նշմարվում են մի քանի դաշինքներ: Այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով դաշինքների մասին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հույս հայտնեց, որ դրանք իրական կլինեն, գաղափարական հենքի վրա կազմված կլինեն ու կդառնան իրական քաղաքական միավորումներ:
«Այդ դաշինքները մեծ մասամբ նախընտրական ամուսնություններ են, որոնք ավարտվելու են հետընտրական ապահարզանով: Շատ դաշինքներ կարող են կազմվել այսրոպեական, կարճաժամկետ խնդիրներ լուծելու նպատակով: Նրանք ապագա ունենալ չեն կարող: Եթե անգամ հայտնվեն խորհրդարանում, ապա ընտրություններից հետո են փախչելու միմյանցից»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն ՀՀԿ-ական պատգամավորը շատ նորմալ է գնահատում` կարծելով, որ դա կնպաստի ընտրություններում մրցակցության մեծացմանը: Պատգամավորը միաժամանակ նկատում է` ընդդիմադիր գաղափարախոսությունն ամբողջությամբ կազմված է ոչ թե հանրային կյանքի ավելի լավ կազմակերպման հենքի վրա, այլ` ընդդեմ ՀՀԿ-ի: Դա, ըստ պատգամավորի, կարող է հանգեցնել վտանգավոր հետընտրական զարգացումների: Շատ քաղաքական ուժեր մատնանշում են արատներ, բայց չեն մատնանշում` իսկ ինչպե՞ս շտկել այդ արատները:
Խոսրով Հարությունյանի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունն առանձին չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին, իսկ թե ինչպե՞ս կմասնակցի, եթե առանձին չի մասնակցելու, նա նշեց, որ ժամանակը ցույց կտա: «Մենք բավական լավ գիտակցում ենք մեր հնարավորություններն ու կարողությունները, ուստի ավելորդ հավակնություններ չունենք. առանձին չենք մասնակցելու ընտրություններին»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Միաժամանակ, նա հավելեց, որ իր ղեկավարած կուսակցության և ՀՀԿ-ի համագործակցությունն անարդյունավետ չի եղել, և ենթադրվում է, որ հետագա համագործակցության ինչ-որ ձևաչափ կգտնվի: Եթե անգամ ՀՀԿ-ից համագործակցության առաջարկ չստանան, ապա որևէ այլ ուժի չեն հարելու:
Պատգամավորը համաձայն չէ այն ձևակերպման հետ, թե ՀՀԿ-ի նկատմամբ ժողովրդի մոտ համընդհանուր հիասթափություն կա, համաձայն է, որ ՀՀԿ-ի նկատմամբ ժողովուրդը պահանջներ է դնում, և որ ՀՀԿ-ն ունեցել է որոշ վրիպումներ:
«Ով աշխատում է, նրան են քննադատում, չաշխատողի ի՞նչը քննադատես: Եվ հետո` ժողովուրդը հիասթափված է առհասարակ բոլոր կուսակցություններից` ոչ միայն ՀՀԿ-ից, այլ նաև ընդդիմությունից: Պատահական չէ, որ «էլեկտրիկ Երևան»-ի քաղաքացիական բողոքի ժամանակ հանրությունը մերժեց ընդդիմադիր որևէ ուժի մասնակցությունը, ինչը նշանակում է, որ ընդդիմադիր ուժերին չեն վստահում»,- ասաց Խոսրով Հարությունյանը: