Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը առայժմ որևէ վերաբերմունք չունի քաղաքական դաշտում ձևավորվող դաշինքների ու բանակցությունների նկատմամբ: Այսօր նա լրագրողներին ասաց, որ ընդամենը մարդկանց անուններ են հնչեցվում, ովքեր փորձում են ձևավորել դաշինքներ կամ գուցե նույնիսկ փաստաթղթեր են ստորագրում: «Ինձ այնքան չեն հետաքրքրում անձերի այդ համախմբումները, որքան` ինչ ծրագրեր են ներկայացնելու»,- ասաց Պողոսյանը:
Պատգամավորին ընդհանրապես չի հետաքրքրում` անձը լավն է, թե` ոչ, քանի որ կարևորը այն է, թե ինչ ծրագրով է նա ներկայանալու:
Yerkir.am-ը Պողոսյանից հետաքրքրվեց` արդյո՞ք ինքը որևէ ձևով բանակցությունների մեջ է քաղաքական ուժերի կամ անհատների հետ: Պատգամավորը նշեց, որ բանակցություններ այս պահին չկան, հատուկ առաջարկություններ չկան, և եթե տեսնի մի ծրագիր, որին կհավատա, հասկանա, որ այնտեղ անելիք ունի, չի էլ սպասի, որ իրեն առաջարկեն, ինքը կգնա առաջարկով: Իսկ այս պահի դրությամբ, ըստ նրա, որևէ բան չկա, և ինքն էլ այդ ցանկությունը չունի:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի և Սեյրան Օհանյանի` քաղաքականություն վերադարձին, Պողոսյանի կարծիքով, փոփոխություն կարող են բերել միմիայն նրանց ծրագրերը: «Պետք է ներկայացնեն ծրագիր, իսկ մնացածը բնակչությունը, ընտրողը պետք է որոշի»,- ասաց նա:
Գագիկ Ծառուկյանի` քաղաքական դաշտում իր տեղի բաց լինելու մասին էլ Պողոսյանն ասաց, որ քաղաքական դաշտի միակ բացը իրական սերնդափոխության պակասն է: «Պետք է գան այնպիսի ուժեր, որոնք երիտասարդ են, նոր են, թարմ դեմքեր են, ունակ են, չկան մականուններ, և դրա հետ միասին ունենանք իսկապես արժեքների վրա հիմնված քաղաքական թիմեր»,- ընդգծեց պատգամավորը:
Yerkir.am-ի հարցին` քանի որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր է, ի՞նչ գնահատական կտա «Ժառանգություն» կուսակցությունում ստեղծված մթնոլորտին` հաշվի առնելով, որ Զարուհի Փոստանջյանը հայտարարում է` Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքը կուսակցության պաշտոնական կարծիքը չէ, Պողոսյանն արձագանքեց. «Շնորհակալական նամակ եմ գրել, որում անդրադարձ եմ կատարել: Շնորհակալ եմ բոլորին բոլոր աշխատանքների համար, որ 4 տարվա ընթացքում արել ենք: Առնվազն վերջին երկու տարիների ընթացքում շփում կուսակցության հետ չի եղել, ուստի ես որևէ բան չասի, թե ինչ է այնտեղ կատարվում, որովհետև տեղյակ չեմ: Ինչ իմացել եմ` մամուլից եմ իմացել, իսկ, մամուլից ելնելով, գնահատական տալ կդժվարանամ»:
Մեր դիտարկմանը` չի՞ ափսոսում «Ժառանգություն» կուսակցության համար, Պողոսյանը պատասխանեց, որ ափսոսանք շատ բաների համար կարելի է ունենալ, բայց ավելի շատ` չարածի համար: