կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-17 19:05
Քաղաքական

Նախագահին Ոստիկանապետը զեկուցել է ՃՈ համակարգի բարեփոխումների ընթացքի մասին

Նախագահին Ոստիկանապետը զեկուցել է ՃՈ համակարգի բարեփոխումների ընթացքի մասին

Հանրապետության Նախագահին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր զեկուցել է Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքի մասին՝ ներկայացնելով 2016թ. նոյեմբերի 2-ին Նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականի կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները: 

Ոստիկանապետը նշել է, որ նախապատրաստվել և նոյեմբերի 30-ին ՀՀ կառավարություն է ներկայացվել Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգի և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցի նախագիծը:

Բարեփոխումներին միտված ավելի քան երկու տասնյակ միջոցառումներն իրականացվելու են չորս հիմնական ուղղություններով՝ 1) վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի իրականացում, որոշումների կայացում, վարչական տույժերի կատարում, 2) օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանք, ճանապարհատրանսպորտային պատահարների գրանցում, ճանապարհապարեկային ծառայություն, 3) ճանապարհային երթևեկության կազմակերպում, 4) տրանսպորտային միջոցների պետական գրանցում, հաշվառում, վարորդական վկայականների հատկացում:

Հայեցակարգի շրջանակներում Վլադիմիր Գասպարյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է այն միջոցառումները, որոնց իրագործումը կնպաստի հատկապես ճանապարհային երթևեկության ոլորտում անվտանգության մակարդակի, երթևեկության կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, պատահարների և խախտումների նվազեցմանը: 

Ոստիկանապետը զեկուցել է, որ բարեփոխումների հայեցակարգի նախագիծն ուղարկվել է նաև համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին, որոնցից ստացված կարծիքները կամփոփվեն, և հայեցակարգի լրամշակված տարբերակը սահմանված կարգով ՀՀ ոստիկանությունը հունվարի 20-ին կներկայացնի ՀՀ կառավարության աշխատակազմ: 

Վլադիմիր Գասպարյանի հավաստմամբ, բացի հայեցակարգով ներկայացված միջոցառումներից, Ճանապարհային ոստիկանության բարեփոխումների ոլորտում մի շարք այլ միջոցառումներ արդեն իսկ ընթացքի մեջ են: Մասնավորապես, փորձնական տարբերակով ներդրվել է Ճանապարհապարեկային ծառայության շրջիկ պարեկության ընթացքում «Շարժական տեսախցիկի կիրառման» ծրագիրը: 

Ոստիկանապետը զեկուցել է նաև Նախագահի հանձնարարությամբ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ բանակցությունների արդյունքների մասին, նշելով, որ ոստիկանության կողմից նախապատրաստվել է գնման պայմանագիրը դադարեցնելու և գույքը ի շահ Հայաստանի Հանրապետության հավատարմագրային կառավարման հանձնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Շահագրգիռ գերատեսչությունների առաջարկությունների հիման վրա նախագծի լրամշակված տարբերակը ներկայացված է կառավարության հաստատմանը:

Ընդգծելով, որ ոստիկանության և, մասնավորապես, Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումը մշտապես եղել է առաջնահերթությունների շարքում՝ Նախագահ Սարգսյանը ոստիկանապետի ուշադրությունը հրավիրել է հատկապես հայեցակարգի նախնական տարբերակում առկա մի շարք առանցքային միջոցառումների վրա, որոնց իրականացումը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, էապես կբարելավի Ճանապարհային ոստիկանության աշխատանքը: Դրանց շարքում Հանրապետության Նախագահը նշել է քաղաքացիների հետ շփումների որակի բարելավումը, վարորդական վկայականների, պետհամարանիշների տրամադրումը, ավտոմեքենաների պետական գրանցումը, ընդգծելով, որ այդ շարքը կարելի է շարունակել:

«Իհարկե, այս միջոցառումների իրականացումը, առաջին հերթին, պետք է ուղղված լինի, և դա երևում է փաստաթղթից, ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը: Բայց սա բավարար չէ: Կարծում եմ, որ փաստաթուղթը՝ հայեցակարգը, կարիք ունի ամբողջականացման և կատարելագործման: Հատկապես մեծ տեղ պետք է հատկացնել այն նորարարություններին, որոնց ներմուծումը կամ իրականացումը հնարավորություն կտա Ճանապարհային ոստիկանությանը, գոնե, կարճաժամկետ և միջնաժամկետ հատվածում պատշաճ և բարեխղճորեն իրականացնել իր գործառույթները: Մենք խնդիրներ շատ ունենք: Չափազանց կարևոր է, որպեսզի այս գործընթացը լինի շարունակական, և կարողանանք ապահովել այդ շարունակականությունը: Դրա համար շատ սեղմ ժամկետներում պետք է լրամշակել փաստաթուղթը, կազմել փաստաթղթից բխող միջոցառումների պլան՝ կոնկրետ ժամկետներով, և այդ ժամկետներում իրականացնել այս միջոցառումները»,-հանձնարարել է Հանրապետության Նախագահը: