կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-18 17:02
Հասարակություն

Մենք երկու մեծ խնդիր ունենք. ԿԳ նախարարը նախագահին զեկուցել է ծրագրերի մասին

Մենք երկու մեծ խնդիր ունենք. ԿԳ նախարարը նախագահին զեկուցել է ծրագրերի մասին

Հանրապետության նախագահին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր զեկուցել է հանրակրթության և բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտների ներկայիս վիճակի, կրթության համակարգի բարեփոխումների ընթացքի, դեռևս առկա խնդիրների և հանրապետությունում որակյալ կրթության հնարավորությունը բոլորին հավասարապես հասանելի դարձնելու ուղղությամբ աշխատանքի ու նորարարական ծրագրերի մասին. տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: Այս հարցերի քննարկման անհրաժեշտությանը նախագահն անդրադարձել էր անցյալ տարեվերջին կրթության ոլորտի պատասխանատուների հետ «Քվանտ» վարժարան այցելության ժամանակ: 

Նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է նաև կրթության ոլորտի ձեռքբերումներին, դրանցից կարևորագույնը համարելով այն, որ տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ հաջողվել է Հայաստանի «կրթական ժամացույցը» պահել անխաթար: Դա, ըստ նախարարի, թույլ է տալիս Հայաստանի Հանրապետությանը աշխարհում հանդես գալ իբրև կրթական տարածք, որը ներառում է մանկապարտեզից մինչև հանրակրթություն, բարձրագույն կրթություն և գիտություն: 

Կրթության և գիտության նախարարի զեկուցմամբ, ավանդական գերազանցության կենտրոններին զուգահեռ ՝ ֆիզմաթ դպրոցների ցանց և այլն, հանրակրթության ոլորտում ավելացել են նորարարական լուրջ կրթական ծրագրեր, ինչպիսիք են Արարատյան բակալավրիատը, Դիլիջանում կրթական կլաստերի գաղափարը՝ ստեղծելով բավականին լավ մրցակցային իրավիճակ: Եղած հիմքի վրա, նախարարի համոզմամբ, հնարավոր է ձևավորել գերազանցության կենտրոններ. «Հանրակրթության բարեփոխումները մի կողմից ուղղված են էլիտարության վերացմանը, որպեսզի այս գերազանցության կենտրոնները, ինչպես Դուք բազմիցս նշել եք, պարոն Նախագահ, լինեն շոգեքարշ, որոնք ամբողջ համակարգը կտանեն իրենց ետևից՝ Հայաստանի կրթական համակարգը դուրս բերելով մի նոր հորիզոն: Բնականաբար, այս աշխատանքների ընթացքում առաջանալու է բարձրագույն կրթության համալիր փոփոխությունների անհրաժեշտությունը: Մենք երկու մեծ խնդիր ունենք, որի մասին Դուք նշել եք: Մեկը ավագ դպրոցի հիմնախնդիրն է և անցումը հանրակրթությունից դեպի մասնագիտական կրթություն, մյուսը՝ բարձրագույն կրթությունից դեպի գիտություն և դեպի աշխատաշուկա անցնելու հիմնախնդիրը, որը պայմանական ասում ենք՝ մագիստրանտական կրթություն»,-իր զեկույցում նշել է նախարար Լևոն Մկրտչյանը՝ հանգամանորեն անդրադառնալով վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքին և առաջիկա անելիքներին:

Համակարծիք լինելով հանրակրթության ոլորտում տեսանելի, հաճախ նաև ոգևորիչ ձեռքբերումների վերաբերյալ նախարարի տեսակետին՝ նախագահն ընդգծել է, թե դա ամենևին չի նշանակում, որ հանրակրթության ոլորտում խնդիրներ չկան, և որ մեծացնելով ուշադրությունը այն աշակերտների նկատմամբ, ովքեր համաշխարհային առարկայական օլիմպիադաներից վերադառնում են մրցանակներով, դպրոցում լավագույնս են դրսևորում իրենց կարողություններն ու հետագայում հաջողությամբ ընդունվում աշխարհի լավագույն բուհեր՝ ուրեմն մնացած աշակերտների նկատմամբ պետք է անուշադիր լինել կամ պակաս հոգատար:

«Դպրոցի նպատակը, կարծում եմ՝ շատ պարզ ճշմարտություն եմ ասում, բայց արժե կրկնել՝ ոչ միայն փայլուն գիտնական, բժիշկ, ուսուցիչ, տիեզերագնաց կամ գործարար պատրաստելն է, այլև գերագույն նպատակը՝ ընտանիքի հետ միասին Հայաստանի Հանրապետության քաղաքացի պատրաստելն է՝ հայրենասեր, աշխատասեր, օրինապահ: 

Ես բազմիցս ասել եմ, հիմա էլ ավելորդ չեմ համարում կրկնել՝ իմ կարծիքով, մարդկության բոլոր չարիքների արմատը տգիտության մեջ է: Ընդ որում, կարծում եմ, տգետն այն մարդը չէ, ով բարձրագույն կրթություն չի ստացել, այլ նա, ով պարզ բարոյական չափանիշներ չունի, ով էլեմենտար գիտելիքներ չունի, և սա իրոք չարիք է:

Փառք Աստծո, գնալով հանրապետությունում գոնե միջին մակարդակի գիտելիք ունեցող մարդկանց թիվն ավելանում է, և այդպես էլ պետք է լինի: Այսօրվա հանրակրթության չափանիշները մի փոքր այլ են, պահանջներն էլ են ուրիշ, բայց եղած լավագույնը պահպանելով՝ մենք պետք է առաջ գնանք, ավելացնենք եղածը: 

Այսօր հանգամանորեն պետք է քննարկենք հանրակրթության ոլորտում առկա խնդիրները: Արարատյան բակալավրիատը փայլուն է, գերազանցության կենտրոնները փայլուն են, բայց այդ կենտրոնների աշխարհագրությունն էլ պետք է ավելանա, առաջ տանող ուժն էլ: Դուք ճիշտ եք ասում՝ մենք կրթությունը, առավել ևս, հանրակրթությունը, չենք կարող էլիտարացնել: Այո՛, պետք է լինեն ուսումնական հաստատություններ, որոնք տարբերվում են ուրիշներից:

Միանմանությունը ոչ մի լավ բանի չի բերի: Բայց կրկնում եմ՝ սրանց առավելությունները մեզ համար պետք է լինեն չափանիշներ և ուրիշներին առաջ տանող, քաշող ուժեր: Մեր ուսուցիչների վերապատրաստման ողջ գործընթացը պետք է փոխվի: Այն ուսուցիչները, ովքեր մշտապես կարողանում են ժամանակակից չափանիշներին համապատասխան վերապատրաստվել, իհարկե, պետք է և՛ վերաբերմունքի, և՛ աշխատավարձի առումով տարբերվեն մյուսներից, իրենց աշխատանքն էլ պետք է չափանիշ լինի: Կարծում եմ, որ պետք է տեսնենք մեր մարզերում որտեղ չկան այդպիսի որակյալ կրթական հաստատություններ, ջանքերն ուղղենք նաև ամեն մարզում այդպիսիք ունենալու նպատակին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախարարի զեկույցից հետո հանրապետության նախագահը հանձնարարել է ձևավորել մասնագիտական խումբ՝ դրանում ներառելով նաև հանրակրթության բարեփոխումների ծրագրի մշակմանը մասնակցած անձանց և վեցամսյա ժամկետում համապարփակ ներկայացնել բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումների հիմնադրույթները, որոնց իրագործումը հնարավորություն կտա տեսանելի ապագայում Հայաստանում ունենալ աշխարհի բուհական քարտեզի վրա իրենց արժանի տեղն ունեցող կրթական հաստատություններ: