Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարությանը, նշեց, որ իր համար անսպասելի էր, որ Մինսկի խմբի համանախագահները կարող են հրամայական ձևով հայտարարություն անել:
«Մինչ հիմա մենք դա դեռ չենք տեսել: Ապրիլի դեպքերից հետո էլ, երբ ադրբեջանցիներն անմարդկայնորեն գլուխներ էին կտրել, նման հայտարարություն, հումանիզմի նման դրսևորում չտեսանք: Այն ժամանակ համանախագահները նշում էին, թե այդ հարցը դիվանագիտական հնարքների, դիվանագիտական դաշտի մեջ է: Պարզվում է, որ բոլոր դեպքերում համանախագահներն ունեն այդ ունակությունը և իմպերատիվ ձևով բավականին կոշտ հայտարարություն են արել: Պարզվում է` հումանիզմը ակնկալվում է մի կողմից միայն: Դրա հետևանքը լավն է, նշանակում է` Ադրբեջանից չեն ակնկալո՞ւմ հումանիզմի որևէ դրսևորում»,- ասաց Ալավերդյանը:
Ըստ նրա` սա հայկական դիվանագիտության ձախողում է: «Համանախագահների այս հայտարարությունն ինձ համար նոր կոշտ ազդակ է, չպետք է սպասել դիվանագիտական դաշտում` ռևերանսներ անելով, լռելով կամ ուղղակի շատ մեղմ արտահայտվելով: Այսպիսի մոտեցումներից օրինակ են վերցնելու այլք, հատկապես` Ադրբեջանը: Դրանով Մինսկի խմբի համանախագահները քողարկում ու անուղղակի մասնակցություն են ունենում Ադրբեջանի գործողություններին»,- ասաց Ալավերդյանը:
Նա նշեց, որ խնդիրը մեր մեջ պետք է փնտրել, քանի որ խորքային դիվանագիտական աշխատանք չկա, պասիվ են պետական մարմինները, նաև` հանրությունը, որոնք բողոք-նամակներով չեն ողողել միջազգային կառույցները` հենց թեկուզ դեկտեմբերի 29-ի ադրբեջանական ագրեսիայի համար: «Սփյուռքի մասին ենք խոսում, եկեք ասենք` իսկ ո՞ւր է Սփյուռքը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը ձեռնարկել էինն դիվերսիոն ներթափանցման փորձ: Դիվերսիոն անհաջող փորձից 12 օր հետո Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել` նշելով, թե Բաքուն և Երևանը շարունակում են մեղադրել միմյանց 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ներխուժման փորձի առնչությամբ, որի հետևանքով գրանցվեցին մահվան դեպքեր, նաև հայկական կողմից պահանջում են հանձնել ադրբեջանցի դիվերսանտի դին: