Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ իշխանությունից դուրս գալուց և որպես ընդդիմադիր հանդես գալուց հետո պետք է հրապարակել այն պլատֆորմը, որով ընդդիմադիր ես վարվող քաղաքականությանը: Yerkir.am-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ իշխանությունից դուրս եկած և առաջիկա խորհրդարանական ընտրություններին որպես ընդդիմադիր մասնակցել ցանկացող քաղաքական գործիչները, դասական իմաստով, չեն կարող ընդդիմություն համարվել:
«Վարդան Օսկանյանը և ոչ միայն նա, այլև շատերը դասական իմաստով չեն կարող ընդդիմություն համարվել, քանի որ տարիներ շարունակ ոչ միայն չեն առարկել իշխանությունների վարած այս քաղաքականությանը, այլ նաև այսօր էլ մի շարք առանցքային խնդիրներով, քաղաքական հարցերով մնում են նույն գծի շարունակողը»,- նշեց նա:
Ըստ Սաֆարյանի` ստացվում է, որ նրանք, ովքեր իշխանության հետ խնդիր ունեն, պարզապես ուզում են վերադառնալ իշխանության` ուղղակի այլ շրջանակներով:
Նրա կարծիքով` այնպես չէ, որ թե' պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, թե' նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` իշխանությունից դուրս գալը քաղաքական չէ, և այնպես չէ, որ նրանք դուրս են եկել, որովհետև իրենք այնպիսի այլընտրանքային մոտեցում են ունեցել իշխանությանը, որի պատճառով ստիպված են եղել դուրս գալ և հանդես գալ որպես ընդդիմություն:
«Եթե Վարդան Օսկանյանը երբևիցե չի արձագանքել մարդու իրավունքների լրջագույն խախտումներին ո'չ 2003-2004 թվականներին, ո'չ 2008 թվականին, ճիշտ հակառակը` պաշտպանել է իշխանության քաղաքական գիծը, և ոչ միայն Վարդան Օսկանյանը, մնացածը` ևս, եթե թե' արտաքին, թե' ներքին քաղաքական դաշտում նրանց տեսակետը երբևէ չի տարբերվել իշխանության տեսակետից, հարց է առաջանում` ինչի՞ն են ընդդիմադիր»,- ասաց Սաֆարյանը:
Ըստ նրա` չի կարելի բացառել նաև այն տեսակետը, թե այդ ուժերը կարող են արհեստականորեն ընդդիմադիր դաշտ ուղարկված լինել` ընդդիմադիր էլեկտորատից էմոցիաներ և ձայներ գողանալու համար:
Անդրադառնալով իշխող Հանրապետականի ցուցակին, խոսակցություններին, թե Կարեն Կարապետյանը կարող է ցուցակում չընդգրկվել, քանի որ օրենքը թույլ չի տալիս, քաղաքագետը նշեց, որ Կարեն Կարապետյանի` ցուցակում ընդգրկվելը իսկապես խնդիր է: «ՀՀ Սահմանադրությունը և Ընտրական օրենսգիրքը բնակության հստակ ժամկետ են առաջ քաշում: Սակայն ես չեմ բացառում, որ այս իշխանությունները և ԿԸՀ-ն գրանցեն նրան, և նա ընդգրկվի ցուցակում: Սակայն դա լուրջ խնդիր կլինի, լեգիտիմության լուրջ խնդիր, բայց չեմ էլ բացառում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկվելու շուրջ ծավալվող պայքարներին, Սաֆարյանը նշեց, որ ամենազանգվածային կուսակցությունն է, և բնականաբար, հեշտ չի կազմվելու այդ ցուցակը:
Քաղաքագետը չցանկացավ մեկնաբանել մամուլում շրջանառվող այն թեմաները, թե Վիգեն Սարգսյան, Տարոն Մարգարյան և Արփինե Հովհաննիսյան եռյակն է գլխավորելու ՀՀԿ-ի ցուցակը: «Բոլոր դեպքերում` Սերժ Սարգսյանի կողմից գլխավորումը ազդակ է լինելու, որ ինքը չի պատրաստվում ամենևին էլ քաղաքականությունից հեռանալ, թեպետ ակնհայտ է, որ փորձելու է ամեն ինչ անել, որ Հանրապետական կուսակցությունը լինի առաջատար դիրքերում... Չգիտեմ` որքանով բնական կլինի երկրի գործող նախագահի կողմից խորհրդարանական ընտրություններում ցուցակը գլխավորելը, այսինքն` նախագահն, ի՞նչ է, ուզում է պատգամավո՞ր դառնալ: Ես մի տեսակ դժվար եմ պատկերացնում»,-նշեց քաղաքագետը: