կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-04 11:35
Քաղաքական

Սա խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի համակարգված քաղաքականության անբաժան մաս է. Մարգարիտ Եսայանի բաց նամակը՝ Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ին

Սա խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի համակարգված քաղաքականության անբաժան մաս է. Մարգարիտ Եսայանի բաց նամակը՝ Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ին

2012-2018 թթ․ Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը բաց նամակ է գրել իր նախկին գործընկերներին՝ Բելգիայի, Ֆրանսիայի եւ այլ երկրների պատգամավորներին, խնդրելով իրենց ձայնը բարձրացնել եւ աջակցել հայ ռազմագերիներին ու անհայտ կորածներին հայրենիք վերադարձնելու հարցում:

Նամակն՝ ամբողջությամբ և հեղինակի առաջաբանով, ներկայացնում ենք ստորև:

 

Այս բաց նամակը ուղարկել եմ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին, այս կառույցում իմ նախկին գործընկերներին՝ Բելգիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում եւ այլ երկրներում, ում հետ աշխատել եմ մոտ 7 տարի եւ խնդրել եմ իրենց ձայնը բարձրացնել եւ աջակցել հայ ռազմագերիների եւ անհետ կորածների հայրենիք վերադարձնելու հարցում։

Բաց նամակ ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի իմ նախկին գործընկերներին

Ֆրանկոֆոնիայի ԽՎ հարգելի գործընկերներ,

Ձեզնից շատերի հետ աշխատել եմ յոթ տարի, մենք համատեղ տարբեր հայտարարություններ ենք ընդունել լեզվական, մշակութային, սոցիալ-տնտեսական եւ այլ հարցերի շուրջ։ Վստահ եմ՝ ձեզնից շատերը հիշում են, որ իմ հրավերով եղել են այցելություններ Երեւան, 2012-2018-ին ՀՀ ԱԺ-ում են անցկացվել Ֆրանկոֆոնիայի ԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստերը, ԽՎ նախագահների նիստերը, միասին մենք ծաղիկ ենք խոնարհել Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձանին։ Ընդունել ենք Ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններ, իսկ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո դուք, սթափ գնահատելով հայ-ադրբեջանական խնդիրները, դատապարտող հայտարարություն ընդունեցիք, որով դատապարտեցինք ագրեսիան՝ առհասարակ, եւ ադրբեջանական ագրեսիան՝ մասնավորապես։

Ուզում եմ հիշեցնել նաեւ, որ մեր բոլորի համատեղ ջանքերով 2018-ի հոկտեմբերին տեղի ունեցավ կարեւորագույն իրադարձություն՝ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գագաթնաժողովը անցկացվեց Երեւանում։

Եվ ահա, 2020-ի սեպտեմբերի 27-ին մեր երկրում կատարվեց սարսափելին։ Վստահ եմ՝ հետեւել եք վերջին երկու ամսում Արցախի եւ Ադրբեջանի միջեւ ծավալված պատերազմին, շատերիդ հետ այս օրերին կապի մեջ ենք եղել։ Տեղյակ եք, որ պատերազմը սկսող կողմը, ինչպես բոլոր այս տարիներին, դարձյալ Ադրբեջանն էր։ Հիմա ունենք հրադադարի վիճակ։ Այլ մանրամասներով մտադիր չեմ ձեզ ծանրաբեռնել։ Բայց ուզում եմ տեղեկացնել, որ այդ հակամարդկային պատերազմից հետո հայ հարյուրավոր ռազմագերիներ են մնացել ադրբեջանցիների ձեռքին։ Ինչպես նաեւ հարյուրավոր զոհերի դիեր, որոնց տեղափոխումը, գերիների արտահանձնումը ադրբեջանական կողմը ձգձգում է եւ պահում է հարցը անորոշության մեջ։

Հարգելի՛ գործընկերներ, ֆրանկոֆոն երկրների հարգելի՛ պատգամավորներ, ակնկալում եմ Ձեր աջակցությունը, ձեր կոչը՝ ուղղված Ադրբեջանին։ Որպես կին, մայր, որպես նախկին պատգամավոր եւ ձեր գործընկեր՝ խնդրանքս է՝ հորդորել, որ այդ երկիրը կատարի միջազգայնորեն ամրագրված իր պարտականությունը եւ վերադարձնի հայ գերիներին եւ զոհվածների դիերը։ Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների,անհետ կորածների ու դիերի փոխանակման գործընթացը և շարունակում է դաժան վերաբերմունքը։ Ադրբեջանական իշխանությունները, որպես պատճառաբանություն, մի կողմից նշում են, թե գերիների փոխանակումն իրականացվելու է դիերի փոխանակման գործընթացի ավարտից հետո, մյուս կողմից ինքնին դիերի փոխանակման գործընթացը ձգձգվում է ՝ առանց պատճառաբանության։ Այս ամենով Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը նպատակ ունի դիտավորությամբ հայ հասարակությունում ստեղծել անորոշության ու լարվածության մթնոլորտ, խաթարել հասարակության հոգեկան անձեռնմխելիությունը, հոգեկան տառապանքներ պատճառել մահացած զինծառայողների ու գերիների ընտանիքների անդամներին: Դիտարկումները վկայում են, որ սա ատելության կազմակերպված քարոզի արդյունք է, խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի համակարգված քաղաքականության անբաժան մասը։

Մեր երկրի Մարդու իրավունքների պաշտպանը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած, մշտապես արձանագրել է, որ Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակումներն ուղեկցվել են խոշտանգումներով ու անմարդկային վերաբերմունքով, խաղաղ բնակավայրերի զանգվածային ավերածություններով, մարդու իրավունքների այլ կոպիտ խախտումներով, որոնք տեղի են ունեցել վարձկան ջիհադիստների ու ահաբեկիչների կիրառմամբ և ատելության կազմակերպված քարոզով: Պատերազմական գործողությունների ողջ ընթացքում, ինչպես նաև այդ գործողությունների ավարտից հետո լրատվամիջոցների ու հատկապես սոցիալական մեդիայի ադրբեջանական աղբյուրներից անընդհատ հրապարակվում են տեսանյութեր ու լուսանկարներ այն մասին, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերն անարգանքի ենթարկում հայկական կողմի զինծառայողների դիերը, կտրում գլուխները եւ ծաղրում, խոշտանգում ու նվաստացնում գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց։ Այս ամենն ուղեկցվում է հրճվանք ապրող ադրբեջանական մեկնաբանություններով։ Պատերազմական գործողությունների ողջ ընթացքում ակնհայտ էր, որ ադրբեջանական իշխանությունները խրախուսում են այս դաժանություններն ու նվաստացումները՝ նպատակ ունենալով Ադրբեջանում բորբոքել էթնիկ հայերի նկատմամբ ատելություն ու թշնամանք, հերոսացնել դրանք կատարողներին:

Պատերազմական գործողությունների ավարտից հետո հայկական կողմի գերեվարվածների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը նոր դրսևորումներ են ստացել. զգալիորեն աճել են դրանց թիվն ու տարածման ծավալները, ինչպես նաև դաժանության աստիճանը: Ակնհայտ է, որ խոշտանգումներ ու դաժանություններ կատարողներն ու տեսանկարահանողներն ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներն են, եւ այդ արարքները խրախուսվում են ամենաբարձր մակարդակով։ Ստեղծված պայմաններում գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը դարձել է րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր։ Հետևաբար, դիմում եմ Ֆրանկոֆոնիայի ԽՎ, Գլխավոր քարտուղարին, պատգամավորներին, արձագանքել, անտարբեր չմնալ այն անմարդակային վայրագություններին, որ իրականացվում է Ադրբեջանի կողմից, հայ ռազմագերիների նկատմամբ։ Խնդրում եմ, ձեր երկրներում դիմեք համապատասխան կառույցներին, որպեսզի աջակցեն այս խնդրի արագ լուծմանը։ Համամարդկային արժեքները բոլորիս համար են հավասար, իսկ միջազգայնորեն ընդունված նորմերը, մարդու իրավունքի հարցերը այլընտրանք չունեն եւ չպետք է ունենան։ Խնդրում եմ՝ առաջնորդվել բացառապես հումանիզմով եւ, ձեր ձայնը բարձրացնելով, աջակցել այս պահին Ադրբեջանում գտնվող հարյուրավոր հայ գերիների՝ հայրենիք վերադարձնելուն։

2012-2018 թթ․ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայան