Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առջևում Ամանոր է, և շատերը խուսափում են այն տանը նշել` հայավարի «գնալ-գալուց» ազատվելով: Սակայն Հայաստանի որևէ հանգստյան գոտում Ամանոր նշելն ավելի թանկ է, քան որևէ այլ երկրում:
Yerkir.am-ի հետ զրույցում դերասան Նարեկ Դուրյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում առաջին հերթին հարկավոր է մատուցվող ծառայությունների գները նվազեցնել, եթե ուզում են, որ ոչ թե դրսում, այլ իրենց մոտ անցկացնենք տոնական օրերը: «Իտալիայի Տոսկանայում ընտանիքով մի քանի օր հանգստանալու համար երկու հարկանի տուն էինք վարձել` հեծանիվներով, լողավազանով, եթե կուզեք` մանղալով, և օրական ընդամենը 100 դոլար էինք վճարում բոլոր ծառայություններից օգտվելու համար: Իսկ Երևանում օրավարձով տրվող նորմալ տների գներից մազերդ ուղղակի բիզ-բիզ են կանգնում, դրա համար էլ շատերը մտածում են` ավելի լավ է մի փոքր էլ գումար ավելացնես ու գնաս այլ տեղ, համ էլ` երկիր կտեսնես: Ես չգիտեմ` նման բարձր գների մեղավորն արդյո՞ք պանդոկների տերերն են, թե՞ կառավարությունը, որ հարկերն այնքան բարձր է դնում, որ մյուսներն էլ ստիպված են թանկացնել, որ տակից դուրս գան»,- ասաց դերասանը:
Նա նշեց նաև, որ, ճիշտ է, վերջին շրջանում Հայաստանում տուրիզմը քիչ, թե շատ զարգացել է` համեմատած 10-15 տարի առաջվա հետ, սակայն այստեղ էլ շատ անելիքներ ունենք: Դուրյանի հավաստմամբ` տուրիզմը զարգացնում է միջին խավը, իսկ մեր հյուրանոցները միայն բարձրակարգ են` 5-6 աստղանի: «Հարուստը գալիս է, մնում 5 աստղանի հյուրանոցում, պաշտոնական հանդիպմանը մասնակցում ու վերջ` գնում: Մենք պետք է միջին խավի համար երկու աստղանի հյուրանոցներ ունենանք: Ես չգիտեմ` Երևանում քանի՞ նման հյուրանոց կա: Մեզ պես երկիրը պետք է մատչելի անի ծառայությունների գները, քանի որ, Փարիզը, օրինակ, խնդիր չունի, Փարիզն Էյֆելյան աշտարակ ունի, Լուվր ունի, իսկ մենք, բացի մեր հրաշալի եկեղեցիներից ու բնությունից, ի՞նչ ունենք ցուցադրելու: Չհաշված մեր «հարևանները»` մեկը մյուսից գիժ»,- ասաց նա:
Տուրիզմի տեսակետից էլ, ըստ Դուրյանի, կաղում ենք ներկայացուցչական առումով` մեր ունեցածը չենք կարողանում ճիշտ մատուցել: Դերասանը նշեց, որ Ադրբեջանի մասին ամեն տեղ ինֆորմացիա կա` միջազգային բոլոր հեռուստաալիքներով «հեքիաթային Ադրբեջանի» գովազդն է արվում ամեն օր, իսկ մենք մեր հեքիաթայինը մեզ համար ենք պահում: «Մենք էլ ունենք տուրիստներին հետաքրքրող շատ վայրեր, միայն ճիշտ մատուցել է պետք, ինչը մեծ մասնագիտություն է: Պետք է նաև այդ վայրերի արժեքը կարողանանք ինքներս հասկանալ ու տարածքը մաքուր պահել, տեղում ինչ-ինչ հարմարություններ ստեղծել, բայց ոչ` քաբաբնոցի տեսքով»,- ասաց Դուրյանը: