կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-14 16:58
Հասարակություն

Եթե խնդիրը չլուծվի, երկուշաբթի կաթերով գալու ենք կառավարության մոտ. գյուղացիները դժգոհ են կաթի մթերման գներից

Եթե խնդիրը չլուծվի, երկուշաբթի կաթերով գալու ենք կառավարության մոտ. գյուղացիները դժգոհ են կաթի մթերման գներից

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում գյուղացիները, ովքեր դժգոհում են կաթի մթերման գներից: Դժգոհությունների առիթ  է տվել այն հանգամանքը, որ կաթ մթերող ընկերությունները 60-70 դրամով իջեցրել են կաթի մթերման գները:

Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից Արմեն Բագրատյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ խնդրով դիմել են տարբեր մարմինների, գյուղատնտեսության նախարարություն, կառավարություն: «Ամեն օր ասում են` ընթացքի մեջ է, հարցին լուծում կտանք, բայց բան չի փոխվում: Մենք էլ օր օրի գումար ենք կորցնում, անասնակեր պետք է առնենք, այլ բաներ»,- ասաց նա:  

Անդրադառնալով առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի` կաթ մթերողների հետ հանդիպմանը` Բագրատյանն ասաց, որ հանդիպումից հետո խոսք էին տվել, որ գները պետք է նույնը մնան, բայց էլի իջեցրեցին: «Դրանից հետո 20 դրամ նորից իջեցրել են, նորից խոսակցություն կա` իջեցնելու, բայց եթե չիջեցնեն էլ, այս գները մնան, մեզ ձեռնտու չէ, մենք չենք կարողանում այս գներով»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ հիմա իրենք 120-130 դրամով կաթ են հանձնում: «Մայիսի 10-ից դիմումներ ենք ներկայացրել խնդրի մասին: Նոր մեզ հետ հանդիպեց կառավարության աշխատակազմի ղեկավարը, ով մեզ ուղարկեց գյուղնախարարություն: Այնտեղ Ղազարյան Գևորգին ենք տեսել, ով մեզ ասաց, որ վաղը կաթ մթերողներին կկանչեն` այդ հարցին լուծում գտնելու համար»,- ասաց նա, ապա հավելեց, որ ամեն անգամ այսպես է լինում:

«Մենք եկել ենք այստեղ` կոնկրետ իրենց ասելու, որ` եթե մինչև երկուշաբթի օրը դուք չկարողանաք այս հարցին լուծում տալ, կաթի մթերման գները չբարձրանան, երկուշաբթի օրը ՀՀ-ի բոլոր  կաթ արտադրողներով, կաթերով հանդերձ, գալու ենք այստեղ/կառավարության մոտ/: Ավելի լավ է ժողովրդին  ձրի տանք այդ կաթը, քան օլիգարխ կաթ մթերող ընկերություններին»,- ասաց Բագրատյանը:  

Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից Խաչիկ Ստեփանյանն էլ նշեց, որ ինքը գյուղից մոտ 1.5 տոննա կաթ է հանձնում «Անի»  ընկերության մթերման կետին և չի կարողանում այդ գների պայմաններում կաթ վերցնել հարևաններից, որ ինքն էլ օգուտ ունենա: «Գներն իջել են անցած ամսվա 1-ից, կաթի գինը էժանացրել են 20 դրամով, դրանից հետո ամեն տասը օրը մեկ 10-ական դրամ էժանացրել են մինչև այս ամսի 10-ը` գործարանի գինը 200 հարյուր դրամից հասցնելով 140 դրամի: Էդ ի՞նչ եղավ, որ կաթը միանգամից 60 դրամ էժանացավ»,- ասաց նա և հարց հնչեցրեց` որ գործարանները կաթն էժանացրել են, կաթնամթերքը խանութում ինչո՞ւ չի էժանացել, ընդհակառակը` դեռ մի բան էլ թանկացել է:

«Ուզում ենք, որ այս իշխանությունները ժողովրդի կողքին կանգնեն, կաթի գործարաններին ասեն` կաթի գնի բալանսը պահեն, էս ի՞նչ ա էս ժողովրդի վիճակը»,- ասաց մեր զրուցակիցը:

Կառավարության և գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի պարզաբանումները հարցի վերաբերյալ կներկայացնենք ավելի ուշ: