|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ չի կարողանում հասկանալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով ՀԱԿ հերթական համագումարում Ղարաբաղյան հակամարտություն մասին խոսելիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «ռացիոնալ մտածող պետական գործիչ» է համարել:
Նշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոսքում ասել է. «Հակառակ իր ռազմաշունչ հռետորաբանությանը` Ալիևին ես համարում եմ ռացիոնալ մտածող պետական գործիչ, որն ընդունակ է համաչափ քայլ կատարել խախղաղության հաստատման ուղղությամբ»:
«Ոչինչ չունեմ ասելու, բայց չեմ կիսում նրա կարծիքը: Թե ի՞նչ նկատի, որ Ալիևին հանկարծակի այդպիսին դարձրեց, չգիտեմ, չեմ կարող մեկնաբանել»,- ասաց պատգամավորը, ապա մատնացույց արեց մի քանի դեպքեր, որ Ալիևին տրված տերպետրոսյանական բնորոշումն ամենևին էլ արդարացված չէ. «Չգիտեմ՝ ինչը նկատի ունի` ապրիլյան պատերա՞զմը, թե՞ ամենօրյա դիվերսիաները, մեր կողմից ունեցած վիրավորնե՞րը, զոհե՞րը… Էդ ամենը թողնում եմ նրա խղճին»:
Հարությունյանը չցանկացավ Տեր-Պետրոսյանի ելույթի բովանդակային այլ տարրերի անդրադառնալ՝ պատճառաբանելով, որ շատ զարմացած է առաջին նախագահի այդպիսի բնորոշումներիցվ և չի ցանկանում նրա ելույթի որևէ այլ հատվածի մասին խոսել:
«100 տոկոսով չեմ ընկալում, չեմ ընդունում նրա ասածները, որովհետև իրականության հետ որևէ առնչություն չունեն նրա այդ ասածները: Ալիևին ես ընդհանրապես պետական գործիչ չեմ համարում, այլ մի բախտախնդիր, որը պատահաբար իր հոր գահը ժառանգել է»,- եզրափակեց պատգամավորը՝ չցանկանալով պատասխանել այլ հարցերի: