Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտաշատի տարածքային հարկային տեսչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության հանգամանքները, ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2 անձանց մեղադրանքներ են առաջադրվել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ավելի վաղ հայտնել էր, որ բեռնափոխադրումների կազմակերպմամբ զբաղվող «Սպեկտրում Կարգո Սերվիս» ՍՊ ընկերության հիմնադիր Արմեն Պետրոսյանը հաղորդմամբ հայտնել է, որ, իր կարծիքով, իր ընկերության գործարքներին առնչվող և առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմնից փոխանցվել են իր մրցակիցներին, ովքեր այդ տվյալները հրապարակել են «Վայբեր» հեռահաղորդակցության համակարգում, որի պատճառով իր ընկերությանը պատճառվել են վնասներ:
Դեպքի առթիվ հարուցված և քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչության տեղեկատվության և վերլուծության բաժնի հարկային տեսուչ Անի Համբարձումյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և առանց համապատասխան հիմքերի, հարկային մարմնի էլեկտրոնային համակարգից ապօրինի լուսանկարել է «Սպեկտրում Կարգո Սերվիս» ՍՊ ընկերության գործարքներին առնչվող և առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները և դրանք փոխանցել է մրցակից, բեռնափոխադրումների կազմակերպմամբ զբաղվող «Գոստրանս Պլյուս» ՍՊ ընկերության տնօրեն, իր ընկերուհի Սաթենիկ Հակոբյանին:
Հիշյալ հանցավոր գործողությունների արդյունքում «Վայբեր» հեռահաղորդակցության համակարգում հասանելի են դարձել բեռնափոխադրումների կազմակերպմամբ զբաղվող «Սպեկտրում Կարգո Սերվիս» ՍՊ ընկերությանը վերաբերող առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի Արտաշատի տարածքային հարկային տեսչության տեղեկատվության և վերլուծության բաժնի հարկային տեսուչ Անի Համբարձումյանին, իսկ առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունն ապօրինի հավաքելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող, «Գոստրանս Պլյուս» ՍՊ ընկերության տնօրեն Սաթենիկ Հակոբյանին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: