կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-25 19:20
Իրավական

ԱԺ աշխատակցուհին առևանգված մեքենա է վարել

ԱԺ աշխատակցուհին առևանգված մեքենա է վարել

Երեկ Մալաթիայի բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս Երևանում հայտնաբերել են ամիսներ առաջ առևանգված ԲՄՎ 545 մակնիշի 10PP045 պետհամարանիշով ավտոմեքենան: Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ դեռևս ապրիլին ոստիկանության Մալաթիայի բաժնում քաղաքացու հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեական գործ` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Եվ ահա երեկ մեքենան առևանգելու կասկածանքով քաղաքացի է ձերբակալվել:

 

Այս դեպքի վերաբերյալ yerkir.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Երբ ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենան, այն վարող կինը ներկայացել է, որպես Ազգային ժողովի աշխատակցուհի: Նա մեքենայի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի կարողացել ներկայացնել: Փոխարենը ոստիկանության աշխատակիցներին է ցույց տվել իր ԱԺ վկայականը,  սակայն, տեսնելով, որ այն իրավապահների վրա որևէ կերպ չի ազդում, զանգահարել է ամուսնուն` Վարդան Հարությունյանին, ով մեքենայի առևանգման գործով ժամանակին հարցաքննվել է: Ի դեպ, Հարությունյանը նաև Էրեբունու Երկրապահ կամավորական միության անդամ է:

 

Սակայն սա դեռ ամենը չէ: Մեքենան հայտնաբերելու պահին Վ. Հարությունյանի կինը, մտածելով, որ իրեն կանգնեցրել են ավտոտեսուչներ, զանգահարել է ինչ-որ մեկին և հեռախոսը փոխանցել «ավտոտեսուչին», նա էլ, իր հերթին, այն փոխանցել է օպերատիվ խումբը ղեկավարող քննիչին: Վերջինս զարմանքից քար է կտրել` պարզելով, որ իր հետ խոսողը, ոչ ավելի, ոչ պակաս, իր գործընկերն է` ոստիկանության Մալաթիայի բաժնի քննիչ Սուրեն Նավոյանը, որի հետ ինքը նույն աշխատասենյակում է նստում: Չի բացառվում, որ Նավոյանը գործի նախաքննության ընթացքում «օգնել է» Վարդան Հարությունյանին` տեղյակ պահելով նրան մեքենայի առևանգման գործի ընթացքի մասին: Ներկայումս Վարդան Հարությունյանը ձերբակալված է, հայտնաբերված մեքենան գտնվում է ոստիկանության Մալաթիայի բաժնում, իսկ քննիչ Սուրեն Նավոյանի ճակատագրով, ամենայն հավանականությամբ, կզբաղվի Հատուկ քննչական ծառայությունը:

 

Ի դեպ, Նավոյանի վերաբերյալ ՀՔԾ-ում արդեն իսկ մեկ այլ գործով նյութեր են նախապատրաստվում: Հատկանշական է , որ մեքնայի համարանիշը եղել են փոխված, իսկ նոր` 10PP045 համարանիշը գրանցված են եղել Վարդան Հարությունյանի եղբոր անունով:

 

Մեկ ուշագրավ հանգամանք ևս` այս համարանիշերը հանրապետությունում հայտնի են, որպես գեներալ Մանվել Գրիգորյանի շրջապատի մեքենաների համարանիշեր: