Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի մեկօրյա այցն Ադրբեջան ավարտվել է, որից հետո նա մեկնել է Ղազախստան: Բաքվում այցի շրջանակում ստորագրվել են երկկողմ մի քանի փաստաթղթեր: Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում Նեթանյահուն հայտարարել է, որ Իսայելն ու Ադրբեջանը կարող են հրաշքներ գործել կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և ցանակցած այլ ոլորտում:
Այս երկրների բազմաբևեռ համագործակցությունը վերընթաց զարգանում է 1997թ.-ից, երբ այն ժամանակ ևս վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նեթանյահուն ժամանեց Բաքու և հանդիպեց Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևին: 2009-ին պետական այցով Ադրբեջան մեկնեց Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, ինչից հետո գործակցությունն ավելի ինտենսիվ բնույթ ստացավ:
Սկսած 2006թ.՝ Իսրայելն աստիճանաբար մեծացնում է Ադրբեջանից գնվող նավթի ծավալները՝ ապահովելով իր ներքին պահանջարկի 40-50 տոկոսը: Իսրայելը նաև գազ է ստանում Ադրբեջանից, որի ծավալներն ավելի կավելանան, երբ գործարկվի տրանսկասպյան TANAP խողովակաշարը: Իսրայելական ընկերությունները խոշոր ներդրումներ են կատարում Ադրբեջանի էներգետիկ արդյունահանման ոլորտում: Բացի դրանից՝ Ադրբեջանի հետ քաղաքական հարաբերությունների խորացումը Իսրայելի համար կարևոր է՝ մուսուլմանական աշխարհի հետ համակեցության իր տրամադրվածությունը փաստարկելու համար:
Իր հերթին Ադրեջանը լրջորեն հետաքրքրված է գյուղատնտեսության ոլորտում Իսրայելի տեխնոլոգիական նորարարությունները յուրացնելու հարցում: Սակայն Իսրայելից Բաքվի հիմնական դիվիդենտը ռազմականն է: Նեթանյահուի հետ հանդիպմանը Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանն Իսրայելից 4մլրդ 850մլն դոլարի ժամանակակից սպառազինություն է գնել: Դատելով վարչապետ Նեթանյահուի՝ մինչ Ադրբեջան այցելելն արած այն հայտարարությունից, թե Բաքվում հնարավոր է՝ քննարկեն Ադրբեջանի կողմից իսրայելական ռազմական արտադրանքի գնման հետ կապված հարցեր, այդ գործակցությունը շարունակություն է ունենալու: Դեռ հոկտեմբերին Ադրբեջանից հայտարարեցին, թե պատրաստվում են Իսրայելից ձեռք բերել «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը, որը Թել-Ավիվը երկրորդ երկրի չի վաճառում: Թեև պաշտոնապես որևէ տեղեկություն չկա՝ արդյոք այդ հարցը իսկապե՞ս քննարկվել է Նեթանյահուի այս այցի շրջանակում, սակայն կարելի է գրեթե վստահ լինել, որ Բաքուն առնվազն այդ հարցում Թել-Ավիվի տրամադրվածությունը շոշաթելու առիթը բաց չէր թողնի:
Ադրբեջանն Իսրայելում դեռ դեսպանություն չունի, սակայն Բաքվի և Թել Ավիվի հարաբերությունները կարելի է գնահատել ռազմավարական, թեև պաշտոնապես Բաքուն խուսափում է հստակ հայտարարել այդ մասին: Կարելի է ասել՝ այդ երկրների բազմաշերտ համագործակցության իրական ծավալներն ու խորությունը պահվում է գաղտնի՝ հարևան Իրանի հակազդեցությունից Բաքվի զգուշանալու պատճառով: Նեթանյահուի այս այցից առաջ Իրանի խորհրդարանի նախագահի ավագ խորհրդական Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Իսրայելի վարչապետի այցը որակել էր նոր դավադրություն տարածաշրջանում: Իսկ Իրանի նախագահի խորհդրական Ալի Ասքար Սոլթանեն նշել էր, թե Իրանին շատ է անհանգստացնում վերջին շրջանում Իսրայելի հետ Ադրբեջանի սերտացումը:
Նկատելի է, սակայն, որ Իրանն աստիճանաբար ադապտացվում է այս իրողությանը: Եթե 2009թ. Շիմոն Պերեսի՝ Ադրբեջան կատարած պետական այցից հետո Թեհրանը, ի նշան խորը դժգոհության, ետ էր կանչում Բաքվում իր դեսպանին, ապա հիմա բավարարվում է ընդամենը մի քանի հերթապահ ուղերձներ հղելով: Դա, թերևս, պայմանավորված է երկու հանգամանքով: Նախ՝ Ալիևի վարչակազմը ամեն ինչ անում է Թեհրանին համոզելու, որ Իսրայելի հետ հարաբերությունների խորացումը ոչ թե Իրանի դեմ է ուղղված, այլ՝ Հայաստանի: Բաքուն դա անում է Իսրայելից ժամանակակից զինտեխնիկա գնելուն զուգահեռ Իրանի հետ կոմունիկացիոն, առրևտրատնտեսական հավակնոտ նախագծեր իրականացնելով, Ռուսաստան-Ադրբեջան-Իրան տնտեսաքաղաքական առանցք ստեղծելով:
Երկրորդ՝ Իրանը պարզապես չի գտնում այդ ընթացքը կասեցնելու արդյունավետ միջոց՝ հասկանալով, որ Ադրբեջանի հետ կոնֆրոնտացիայի գնալն ավելի է խթանելու իր սահմանների մոտ հրեական քաղաքական և ռազմական գործոնի ուժեղացմանը: Իսկ Հայաստանի արտաքին քաղաքական ինքնուրույնության պակասը, Ռուսաստանից կախվածությունը և հատկապես Երևանից փոխըմբռնման ազդակներ չստանալու հանգամանքն Իրանին հնարավորություն չեն տալիս վերջինիս դիտարկել որպես պոտենցիալ լիարժեք դաշնակից իսրայելա-ադրբեջանական տանդեմի ձևավորման դեմ: Մինչդեռ իրականում Հայաստանի և Իրանի շահերն այս հարցում լիովին համընկնում են:
Խնդիրն այն է, որ Իսրայելը սկսելով Թուրքիայի հետ խաթարված հարաբերությունները վերականգնելու գործընթաց, սպառազինելով Ադրբեջանին Հայաստանի դեմ և վերակառուցելով հարաբերությունները Ղազախստանի հետ՝ փորձում է Իրանի դեմ ուժեղացնել թյուրքական աշխարհաքաղաքական գործոնը՝ Իրանի հյուսիսարևմտյան հյուսիային և հյուսիսարևելյան սահմանների երկայնքով տեղակայված այդ երկրներին դիտարկելով որպես Իրանի դեմ հիմնական ճակատ: Սա ուղղակիորեն պանթուրքական քաղաքականության խթանում է, որն ինքնին լրջագուն սպառնալիք է Հայաստանի համար: Այդ քաղաքականության հետևանքները Հայաստանը տեսել ու զգացել է 20-րդ դարասկզբին: Դրանով կամա թե ակամա Իսրայելը թշնամական քաղաքականություն է իրականացնում Հայաստանի նկատմամբ, որի հետևանքները տեսանելի դարձան ապրիլյան կարճատև պատերազմում և էլ ավելի են զգալի դառնալու, եթե Թել-Ավիվը բավարարի Ադրբեջանի՝ արդիական ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու առաջարկը: Հարց է առաջանում, թե ինչպե՞ս են Իրանն ու Հայաստանն արձագանքելու Նեթանյահուի այս «թյուրքական տուրնեին»:
Սպասվում է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան: Չի բացառվում, որ այն հետաձգվում էր հենց Նեթանյահուի՝ Ադրբեջան և Ղազախստան կատարվող այցի պատճառով, որպեսզի Թեհրանում հաշվարկեն, թե ինչ ուղերձներով և գուցե նաև ինչ առաջարկներով է Ռոհանին հանդես գալու Երևանում: Նախկինում վերջնս համարյա ոչինչ չի արել ադրբեջանա-իսրայելական բարձր մակարդակի հանդիպումներից Իրանի նյարդայնությունն օգտագործելու և դրանից քաղաքական, տնտեսական և ինչու ոչ, նաև ռազմական դիվիդենտ քաղելու, ընդհանուր առմամբ Իրանի տարածաշրջանային ռազմավարական շահերը հայկական գործոնի առարկայական ուժեղացման վրա կենտրոնացնելու ուղղությամբ: Ունի արդյոք Հայաստանը դրան ուղղված մշակված մարտավարություն, Իրանին ուղղված ծագրային փաթեթ: Սպասենք Ռոհանիին:
Գևորգ Դարբինյան