կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-07 14:07
Հասարակություն

Համազգային թատրոնի հյուրախաղերը` Արցախում և Հայաստանի սահմանամերձ համայնքներում

Համազգային թատրոնի հյուրախաղերը` Արցախում և Հայաստանի սահմանամերձ համայնքներում

Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ մեկնարկում են Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի հյուրախաղերը Արցախում և Հայաստանի սահմանային բնակավայրերում:

Նախաձեռնության նպատակն է նպաստել Հայաստանի և Արցախի սահմանային բնակավայրերի մշակութային կյանքի աշխուժացմանը, կանգնել սահմանում ապրող և սահման պահող հայ մարդու և զինվորի կողքին:

Հյուրախաղերի շարքը կմեկնարկի մարտի 14-ին Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքում: Արցախյան հյուրախաղերի ընթացքում հանդիսատեսը առիթ կունենա դիտելու Աստղիկ Սիմոնյանի «44 աստիճանի վրա» ներկայացումը (ըստ Տ. Հայրապետյանի պատմվածքի): Ներկայացումը  հայրենադարձ Մգրոյի և Սիրանույշի ընտանիքի պատմությունն է, որոնք հրաժարվել են իրենց բարեկեցիկ ամերիկյան կյանքից և եկել հաստատվել hայրենիքում: Ներկայացման մեջ հայ մարդն է, ով չնայած ամեն տեսակ դժվարությունների և համատարած արտագաղթի, անմար հավատով շարունակում է ապրել և արարել իր հողում:

Արցախյան հյուրախաղերն ընթանալու են հետևյալ ժամանակացույցով`

Մարտ 14-ին, ժամը` 15:00` ք. Քարվաճառի մշակույթի տուն,

Մարտ 15-ին, ժամը`17:00` ք. Մարտակերտի մշակույթի և երիտասարդության կենտրոնի  դահլիճ,

Մարտ 16, ժամը`17:00` ք. Մարտունու մշակույթի և երիտասարդության կենտրոնի  դահլիճ,

Մարտ 17, ժամը` 19:00` ք. Ստեփանակերտ, Մշակույթի և երիտասարդության պալատ:

Հյուրախաղերի գլխավոր հովանավորն է Համազզային հայ կրթական և մշակութային միությունը, գլխավոր աջակիցը` Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը: