Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Միջին մասնագիտական և արհեստագործական կրթության զարգացման, աշխատաշուկա-կրթություն կապերի ամրապնդման գործընթացում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը առաջնահերթ է դիտարկում միջազգային և սոցիալական գործընկերների մասնակցությամբ իրականացվող ծրագրերը: Այդ համատեքստում «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շնորհանդեսը, որին ներկա են գտնվել ՀՀ գյուղատնեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Արտակ Աղբալյանը, Սյունիքի մարզի ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ և գործատուների ներկայացուցիչներ:
Ողջունելով ծրագրի մեկնարկը՝ ԿԳ նախարարի խորհրդական Արտակ Աղբալյանը նշել է, որ գյուղատնտեսությունը ՀՀ կառավարության կողմից դիտվում է գերակա ոլորտ և ցանկացած ծրագիր, որը ուղղված է համակարգի զարգացմանը, այդ թվում կադրերի մասնագիտական կատարելագործման հզորացմանը, նախարարության կողմից խրախուսվում է. «Մեզ համար կարևոր է հատկապես հեռավոր մարզերի ուսումնական հաստատությունների հզորությունների և կարողությունների զարգացումը՝ շեշտը դնելով ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության վրա: Կոնկրետ այս ծրագրի համար թիրախային ընտրված են երեք հիմնական ուղղություններ՝ անասնաբուժություն, կաթի վերամշակում և ֆերմերների կարողությունների զարգացում, որոնք կարող են իրականացվել նաև ոչ ֆորմալ կրթության ձևաչափով՝ կարճաժամկետ դասընթացների միջոցով: Ընդ որում մեզ համար կարևոր է, որ այդ դասընթացները ծառայեն ոչ միայն սովորողների, այլ նաև քոլեջների դասախոսների և տեղական ֆերմերային ընկերություններում ընդգրկված մասնագետների հմտությունների ու կարողությունների զարգացմանը, որն էլ իր հերթին խթան կհանդիսանա գործատու-կրթություն կապի ամրապնդման համար»,- իր խոսքում նշել է Ա. Աղբալյանը՝ հույս հայտնելով, որ քառամյա ծրագրի ավարտին առկա փորձը կտարածվի նաև այլ մարզերում:
Ներկայացնելով ՄԿՈՒ ոլորտի բարափոխումների առաջիկա գործընթացը՝ նախարարի խորհրդականն ընդգծել է, որ 2006 թվականից ՄԿՈՒ համակարգում Եվրոմիության և միջազգային գործընկեր այլ կազմակերպությունների աջակցությամբ լայնածավալ փոփոխություններ են իրականացվել: ՄԿՈՒ ոլորտում ԵՄ աջակցությամբ 2017-2020 թվականներին մեկնարկում է նաև նոր ծրագիր, որը հիմնականում միտված է մարզերում գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացմանը. «Նախատեսվում է ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում, նյութատեխնիկական ժամանակակից բազայի համալրում և դասախոսների վերապատրաստում, ինչպես նաև ագրոմասնագիտությունների առկա կրթական չափորոշիչների վերանայում և նորերի ստեղծում»,- նշել է ԿԳ նախարարի խորհրդականը:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը՝ շեշտելով, որ գյուղատնտեսության կայուն զարգացումը հնարավոր չէ պատկերացնել առանց որակյալ մասնագետների և կրթական ծրագրերի իրագործման:
Նշենք, որ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» կրթական ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործալակություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ծրագիրը ֆինասավորվում է Շվեյցարիայի եկեղեցու կողմից:
ԿԳՆ