կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-26 12:35
Հասարակություն

Երկակի կրթական համակարգի ներդրում` մասնագիտական կրթության ոլորտում

Երկակի կրթական համակարգի ներդրում` մասնագիտական կրթության ոլորտում

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը /ԳՄՀԸ,GIZ/ տարածաշրջանի` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, երկրների համար սկսեց «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի հերթական` երրորդ փուլը: Ծրագրի իրականացման համար GIZ-ը երկրներին կտրամադրի 8,6 մլն եվրո:

Լրագրողների հետ զրույցում ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն նշեց, որ ծրագրի նպատակն է մասնավոր սեկտորի ներառումը մասնագիտական կրթության ոլորտում, ինչպես նաև խթանել զբաղվածությունը, հատկապես` մարզերում:

«Ծրագրի նպատակը զբոսաշրջության, ՏՏ և մասնագիտական կրթության ոլորտների զարգացմանը նպաստելն է: Մասնավոր և կրթական ոլորտի միջև փորձի փոխանակումը շատ քիչ է: Բացի այդ` Հայաստանը գտնվում է շատ բարդ աշխարհագրական դիրքում, բայց շատ տոկուն է, և մեր հույսը երիտասարդներն են, քանի որ կարծում ենք, որ Հայաստանը  տաղանդավոր երիտասարդների լավ պաշար ունի»,- ասաց Հուգոն:

Նա նշեց նաև, որ նախորդ ծրագիրն իրականացնելիս Գեղարքունիքի մարզում, օրինակ, 30 զբոսավարի են նախապատրաստել, ովքեր միջազգային հավաստագրեր են ստացել: Բացի այդ` խթանել են գինեգործությունը: «Մենք ուզում ենք նաև գինեգործության կենտրոններ բացել»,- ասաց Հուգոն:

ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի խոսքով` շատերն ասում են` կրթությունը պետք է շուկայի կարիքները բավարարի, սակայն, ըստ փոխնախարարի, կրթությունը մի քիչ ավելի լայն ընդգրկում ունի և չի կարող միայն շուկայի պահանջներին ընդառաջ գնալ: «Կրթության ոլորտն, այո, պետք է խստորեն հաշվի առնի շուկայի կարիքները, բայց միայն դրանով չի կարող սահմանափակվել: Ինչ վերաբերում է մասնագիտական կրթության ոլորտին, ապա այս ոլորտի համար կարևոր է համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, քանի որ մենք չենք կարող զարգանալ, եթե մեր հարևանները դոփում են նույն տեղում, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության համար կան պատնեշներ, և այս դեպքում միջազգային կազմակերպությունները միջնորդի դեր են ստանձնում»,- ասաց Մկրտչյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ մասնագիտական կրթության ոլորտում ուզում են երկակի կրթական համակարգ ստեղծել, ըստ որի` մասնագետների պատրաստումը կլինի և՛ արտադրություններում /մասնավոր սեկտորում/, և՛ ուսումնական հաստատությունում:

ԿԳՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը նշեց, որ նոր ծրագիրը նախորդների տրամաբանական շարունակությունն է, իսկ այս ծրագրի նորությունը դուալ կրթական համակարգի ներդրումն է` աշխատանքի վրա հիմնված ուսուցումը: «Անցած տարի մեր լավագույն մասնագետները GIZ-ի ջանքերով նախապատրաստվեցին Գերմանիայում, և արդեն 4-5 հաստատությւոններում որոշ մասնագիտությունների գծով կներդնենք դուալ համակարգը: Ծրագրի ամենակարևոր գործառույթը սոցիալական գործընկերության խթանմանն ուղղված գործունեությունն է` կրթություն-գործատու կապի ամրապնդումը: Տարիներ շարունակ մենք ասում ենք` գործատուն չի թեքվում դեպի կրթության ոլորտը, իսկ գործատուն էլ բողոքում է, թե` համապատասխան կադրեր չեք պատրաստում, և մենք GIZ-ի հետ կփորձենք մեխանիզմներ մշակել, որպեսզի այդ կապն ամրապնդվի»,- ասաց Աղբալյանը` հավելելով, որ կփորձեն աշխատաշուկայի պահանջները բավարարել` որակյալ մասնագետներ պատրաստելով: