կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-29 14:44
Քաղաքական

Ընդդիմությունը հաղթելու շանսեր չունի. Շարմազանով

Ընդդիմությունը հաղթելու շանսեր չունի. Շարմազանով

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողներին վստահեցրեց, որ քաղաքական ընդդիմությունը հաղթելու շանսեր չունի:

Արձագանքելով դիտարկմանը, թե ընդդիմադիր դաշտը պատրաստվում է միավորվել, և հարցին` այս պարագայում և՞ս հաղթելու շանսեր չունեն, նա պատասխանեց. «Կա ԲՀԿ, կա ՕԵԿ, կա ՀԱԿ, «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», կա ՀՀՇ, կա «Ժառանգություն»: Գոնե պառլամենտում այդքան կան: Որ այդքանն իրար գլուխ միավորվեն, լավ կլինի: Բայց դա անհնար է, որովհետև, իմ կարծիքով, 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների առանցքային հարցերից մեկը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականությունը, և այն քաղաքական կուսակցությունները պետք է հստակեցնեն: Չի կարելի մինչև ժամը տասներկուսը ՀԱՊԿ-ի կողմակից լինել, տասներկուսից երկուսը՝ ԵՏՄ-ի, երկուսից հետո էլ` Եվրասիական միության: Այսինքն՝ դուք ինչպե՞ս եք պատկերացնում ՀԱԿ-ի և «Լուսավոր Հայաստան»-ի միասնական ցուցակը: ՀԱԿ-ը կողմ է քվեարկել ԵՏՄ-ին, կողմ է ՀԱՊԿ-ին, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը և «Ժառանգություն»-ն ունեն կողմնորոշում դեպի Եվրոպական Միության հետ հարաբերությունները խորացնելը»:

Շարմազանովի խոսքով՝ արհեստական միավորումն անգրագիտություն է և չի կարող երկար կյանք ունենալ: «Եթե նրանք պետք է միավորվեն, դա լինի նախընտրական կոմբինացիա»,- ասաց նա:

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ Շարմազանովը հայտարարեց, որ իրենց պետք են անբիծ, մաքուր ժողովրդավար ընտրություններ: «Դրա համար ենք մենք գնացել այդքան փոխզիջումների: Եթե չլինեն այդպիսի ընտրություններ, ուրեմն մենք կստիպենք, որ այդպես լինի»,- ասաց նա:

Շարմազանովը նաև ընդգծեց, որ քաղաքականության մեջ պետք չէ գոռոզ լինել: «Սեփական ուժերի գերագնահատումը քեզ կտանի դեպի ֆիասկո: Մենք հարգանքով ենք մոտենում բոլոր քաղաքական ուժերին, և այնպես չէ, որ մտածում ենք, որ ժողովրդի ուշքը գնում է մեզ համար, մենք գիտենք, որ կան բազում խնդիրներ և ակնկալում ենք ազատ ու թափանցիկ մրցապայքար»,- ասաց նա, ապա նշեց, որ այսօր չի տեսնում մի ընդդիմադիր ուժի, որը կարող է հաջողության հասնել:

ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակը նաև նշեց, որ իրենց կուսակցությունում հիմա էլ շարունակվում է ակտիվ ներհոսք և նման ներհոսք մաղթում է նաև այլ քաղաքական ուժերի: «Մեր բանջարը նրանց հանճարին վնաս չէ, թող նրանք էլ անեն»,- ասաց նա: