Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակը» օրաթերթը գրում է.«Ով կզբաղեցնի ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Սա թերեւս այն հարցն է, որ վերջին շաբաթներին ամենաշատն է քննարկվում ողջ հետսովետական տարածքում։ Թեման հատկապես «տաքացվում է» Հայաստանի եւ Բելառուսի առճակատմամբ։ Երեւանում խոստանում են բացատրություններ պահանջել եւ տհաճ հարցեր բարձրացնել Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարության առաջ, որոնք դեմ են, որպեսզի նոր Գլխավոր քարտուղարը լինի Երեւանից։
Մինսկում էլ կոչ են անում վերջ տալ «հրապարակային դեմոկրատիային», սակայն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոստանում է կոշտ զրույց ՀԱՊԿ-ում։ Հարցով հատկապես հետաքրքրված են Բաքվում։ Հատկապես վերջին Աստանայի ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո Բաքուն ակնհայտ կերպով փորձում է ստեղծված իրավիճակում իր շահերը մղել առաջ, որոնք նախ եւ առաջ «Երեւանի ոտքի տակ հնարավորինս շատ փայտ դնելն է»։ Այս նպատակով է, որ ադրբեջանական մամուլում պարբերաբար հայտնվում են հարցազրույցներ, մեկնաբանություններ, տրված ամենատարբեր քաղաքագետների ու փորձագետների կողմից, որոնք իհարկե աչքի են ընկնում Երեւանի հասցեին իրենց կոշտ արտահայտություններով։ Ղրղզստանում գործող «Պիկիր» ռեգիոնալ փորձագիտական ակումբի նախագահ Իգոր Շեստակովը Media.Az-ի հետ զրույցում անդրադարձել է այս թնջուկին եւ մասնավորապես ասել հետեւյալը․ «Ղրղզստանը որպես նախագահող երկիր անխոս իր դիրքորոշումը հստակեցնելու է այս հարցի հետ կապված, հիմք ունենալով կոլեգիալությունը, հաշվի առնելով, որ առաջին անգամ ՀԱՊԿ-ում նման ոչ պարզ իրավիճակ է ստեղծվել նոր Գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում։ Իհարկե լիովին հավանական եմ համարում, որ Աստանայի գագաթնաժողովի ավարտից հետո էլ խորհրդակցությունները այս հարցով շարունակվել են։
Առանց Գլխավոր քարտուղարի հարցում կոնսենսուսի, դժվար կլինի խոսել ՀԱՊԿ միասնականության մասին առհասարակ, իսկ հաշվի առնելով այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք առկա են ԱՊՀ հարավային սահմանների մոտ, համախմբումը կենսական անհրաժեշտություն է պարզապես։ Այս առնչությամբ հույս ունենք, որ մինչեւ տարեվերջ հարցը կլուծվի։ Հատկապես, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը որպես նախագահող Աստանայի գագաթնաժողովում առաջարկել է Բելառուսի թեկնածությունը։ Ղրղզստանը միշտ հանդես է գալիս ՀԱՊԿ կառուցողական գործունեության օգտին»։ Փորձագետը չի բացառել, որ որպես կոմպրոմիս կառաջարկվի օրինակ Ղրղզստանի թեկնածությունը Գլխավոր քարտուղարի հարցում, սակայն եւ ավելի շատ հակված է նրան, որ Գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը։ Շեստակովը նաեւ նկատում է, որ ՀԱՊԿ-ում կարող են լինել վեճեր, սակայն պառակտում չի լինի։ Քաղաքագետը արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանը գրեթե չունի շանսեր իր թեկնածուին առաջ մղելու եւ հիշեցնում է, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի նախագիծը չէ եւ միջպետական կարգավիճակ ունի։ Սրանով է Շեստակովը պայմանավորել Գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Մինսկի եւ Աստանայի կեցվածքը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: