Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը միջազգային հարաբերություններում հանդես է գալիս որպես պատասխանատու, հավասարակշռված, կանխատեսելի և վստահելի երկիր: Այս մասին ՀՀԿ 16-րդ համագումարում հայտարարեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այսպես է մեր երկիրը ներկայանում աշխարհին` կառուցողական դիրքորոշումներով, գործընկերների հետ փոխշահավետ լուծումներ գտնելով, միջազգային հանձնառությունները բծախնդրորեն կատարելով, պայմանավորվածությունները հարգելով և հաստատակամ՝ մեզ համար սկզբունքային հարցերում: Սա արտաքին հարաբերություններում մեր ընտրած ուղին է, մեր երկրի դիվանագիտության այցեքարտը: Միջպետական հարաբերություններում երկրի շուրջ նման օրակարգ ձևավորելը պահանջում է նպատակաուղղված և հետևողական աշխատանք։ Կարծում եմ, որ շատ ավելի ջանք է պահանջում այն պահպանելն ու ամրապնդելը: Մանավանդ բոլոր այն դժվարությունների ու մարտահրավերների պայմաններում, որոնք այսօր ցնցում են մեր տարածաշրջանը և ողջ աշխարհը: Մեր արտաքին քաղաքականության նպատակն ու միջազգային հարաբերություններում մեր ներգրավվածության բանաձևը մեր գործընկերների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումն է, աշխարհում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը։ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության դաշնակիցն է: Դրանով շատ բան է ասված մեր հարաբերությունների խորության, բազմազանության ու նշանակության առումով: Ամերիկյան նոր վարչակարգի օրոք աշխատելու ենք նոր խթան հաղորդել Միացյալ Նահանգների հետ մեր բարեկամական գործընկերությանը: Շարունակելու ենք զարգացնել հարաբերությունները Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, եվրոպական այլ երկրների հետ՝ հիմնվելով մեր ընդհանուր քաղաքակրթական արժեհամակարգի վրա։ Ուրախությամբ ենք արձանագրում Չինաստանի հետ վերելք ապրող մեր հարաբերությունների փաստը՝ մի բան, որ հաստատապես շարունակելու ենք նույն ոգով։ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ առավել լայն հնարավորություններ բացվեցին մեր երկրի տնտեսական զարգացման համար: Այդ առումով մենք պետք է լիարժեքորեն օգտագործենք այս ներուժը։ Մենք խորացնում ենք փոխգործակցությունը Եվրոպական միության հետ։ Հուսով ենք, որ շուտով հաջողությամբ կավարտենք բանակցությունները Եվրամիության հետ մեր հարաբերությունների նոր իրավական շրջանակի շուրջ»,- նշեց նախագահը: