կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-23 15:21
Առանց Կատեգորիա

«Շան տղա»-ն լավ է

«Շան տղա»-ն լավ է

Դուք` չգիտեմ, բայց ես կողմնակից եմ, որ բոլոր նրանք, ովքեր, գրքից բացի, այլ բան կգողանան, բացի պատժվելուց, ավելի ճիշտ՝ նախքան պարտադիր պատժվելը, նաեւ պիտակավորվեն: Ենթադրենք` քաղաքացի Ղեւոնդը խանութից ոսպ է գողացել, պետք է ինչ-որ կերպ կոչվի` բռնվելուն եւ պատժվելուն զուգահեռ: Կամ` պաշտոնյա Շմավոնը բյուջեից փող է գողացել, պետք է բռնվելուց եւ պարտադիր պատժվելուց առաջ ինչ-որ կերպ կոչվի, բայց այնպես, որ բոլորն իմանան, որ քաղաքացի Ղեւոնդը եւ Շմավոնը այսինչ բանն են:

ԱԺ փոխնախագահ Շարմազանովը, օրինակ, առաջարկում է հստակ պիտակ՝ «շան տղա»: Ճիշտ է, պարոն Շարմազանովն ասել է, որ նա, ով կգողանա մեր զոհված եւ վիրավորված տղերքի ընտանիքներին օժանդակող` ստեղծվելիք հիմնադրամից, «շան տղա» է, քանի որ «շանտղություն» է անում, այսինքն` շատ հնարավոր է, որ Շարմազանովը «շանտղություն» է կոչում կոնկրետ այդ գողությունը, բայց ամեն դեպքում մոտեցումը ճիշտ է՝ գողին պետք է ասել, որ` դու այ էսինչն ես, ընդ որում` որքան բարձր պաշտոնյա է նա, այնքան ավելի զիլ պետք է լինի պիտակը:

Այս համատեքստում «շան տղա»-ն լավ է: Վստահ եմ, որ բոլոր նրանք, ովքեր մտադրվել էին բարձր մակարդակի գողություն անել, իմանալով, որ իրենց բոլորը որպես «շան տղա» են ճանաչելու, գոնե երկար կմտածեն՝ նախքան այդ քայլին դիմելը, եւ գուցե չդիմեն: Այսինքն` մեր երկրում կա բարձրաստիճան գողերի մի տեսակ, որին պատիժը չի սարսափեցնում, բայց կսարսափեցնի պիտակը, կպավ-կպավ: Ու կկպնի: Որին գողություն անելիս տեսնենք, գոչելու ենք՝ «շան տղա», ու անկախ նրանից` պատկան մարմինները կզբաղվեն նրանով, թե` ոչ, նա միշտ ճանաչվելու է որպես «շան տղա»: Երբ հանկարծ վիրավորվի, ինչը քիչ է հավանական, կամ բարկանա, ինչը շատ է հավանական, կասենք, որ մենք չենք ասել, Շարմազանովն է ասել, որ այդ գողությունը կոչվում է «շանտղություն», եւ ուրեմն նման գողն էլ «շան տղա» է:

Մյուս կողմից` գողության վերաբերվելու կապակցությամբ այսօր իր դիրքորոշումն է հայտնել ԱԺ հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանը: Նա ասել է, որ նա, ով բյուջեից կգողանա, «պետք է բռնել եւ ձեռքերը քոքից կտրել»: Էլի լավ է, բայց «շան տղա»-ն, այդուհանդերձ, ավելի լավ է: Բանն այն է, որ բոլոր նրանք, ովքեր բյուջեից գողություն են անում, ոչ թե վախենում են թեւերը քոքից կտրվելուց, այլ իրենք կարող են ցանկացածի թեւերը եւ ոչ միայն թեւերը քոքից կտրել: Հետեւաբար` «թեւերը քոքից կտրել» սպառնալիքը նրանց համար մի տեսակ «ասնավանի» չի՝ գողություն չանելու, չի կարող զսպել: Նրանք գողություն են անում, քանի որ վստահ են, որ իրենց ոչ ոք չի կարող բռնել, եթե անգամ բոլորը գիտեն իրենց գործունեության մութ առանձնահատկությունների մասին, իսկ եթե ոչ ոք չի կարող բռնել, ուրեմն թեւերն էլ չեն կարող քոքից կտրել, քանի որ դրա համար, նախ եւ առաջ, բռնել է պետք, ընդ որում՝ մի քանի հոգով միաժամանակ, որ հանկարծ չփախչի:

Ուրեմն` բերեք մոռանանք «թեւեր քոքից պոկելու» այվազյանական առաջարկությունը եւ հիշենք ու պահանջենք ուժի մեջ թողնել «շան տղա» պիտակը: Ավելին` ընդհանրացնել այն` այսուհետ բոլոր պետական գողերին կոչել «շան տղա», նրանց արածն էլ՝ «շանտղություն» …

Հետո, իհարկե, կարելի է եւ թեւերը քոքից կտրել, «շան տղու»  պարագայում դա չի կարող համարվել որպես մարդու իրավունքների խախտում կամ առաձնահատուկ դաժան պատիժ:

Հովիկ Աֆյան