կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-14 16:03
Քաղաքական

Սերժ Սարգսյանը Պինոչետից ավելի լավ տղա չէ. Անդրիաս Ղուկասյան

Սերժ Սարգսյանը Պինոչետից ավելի լավ տղա չէ. Անդրիաս Ղուկասյան

Հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր Ազատության հրապարակում այցելել էր նաեւ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

 

Լրագրողների հետ զրույցում նա նախ հստակեցրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին միանալու ցանկություն չի հայտնել, բայց եթե հարկ լինի, իհարկե, կմիանա:

 

Yerkir.am-ի հարցին` ի՞նչ կարող է տալ Հովհաննիսյանի հացադուլը, Ղուկասյանը պատասխանեց, որ անհրաժեշտ է իշխանություններին վերջնագիր ներկայացնել եւ պահանջել, որ Սերժ Սարգսյանն ինքնաբացարկ հայտնի: Մեր դիտրակմանը` մի՞թե իրատեսական է նման պահանջը` հաշվի առնելով այն փաստը, որ իշխանություններն ամուր կառչած են իրենց աթոռներից, Ղուկասյանն արձագանքեց. «Կառչած են, թե կառչած չեն աթոռներից, նշանակություն չունի: Որոշ քաղաքական գործիչների լեզվով ասած` հաստատ Սերժ Սարգսյանը Պինոչետից ավելի լավ տղա չէ: Պինոչետն ավելի քիչ կառչած չէր իր աթոռից, սակայն իր կյանքն ավարտեց բանտում: Այսինքն` ամեն ինչ կախված է հանրության կամքից»:

 

Դիտարկմանն էլ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կերդվի միայն իր դիակի վրայով, արդյո՞ք բանը դրան կհասնի, Ղուկասյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը 2008թ.-ին երդվել է 10 մարդու դիակների վրա, եւ առհասարակ Սերժ Սարգսյանի համար մարդկանց դիակների վրա երդվելը բարդ հոգեբանական խնդիր չէ: Թվում էր, թե դեռ հոկտեմբերի 27-ից հետո, ԱԱԾ պետ Սերժ Սարգսյանը պետք է ավարտեր իր քաղաքական կարիերան եւ ամբողջ կյանքում հանրության աչքին չերեւար: Որեւէ քաղաքացու մահը քրեաօլիգարխիկ համակարգի համար խոչընդոտ չէ` իր իշխանությունը պաշտպանելու համար»: