Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՊՆ փոխհատուցման հիմնադրամի օգտին ամեն աշխատողից 1000 դրամ գանձելու օրինագծին: Նրա կարծիքով` ճղճիմ է քննարկել 1000 դրամի հարցը, թեև կիսում է այն մտահոգությունը, որ ով գողացել է պետությունից, պետք է պատասխանատվության ենթարկվի:
Պատգամավորի խոսքով` ընդդիմությունից ոչ ոք չընդդիմացավ, երբ խորհրդարանում քննարկվում էր Հարկային օրենսգիրքը, մասնավորապես` եկամտահարկի շեմը: Երկու պատգամավորից բացի, ոչ ոք չառաջարկեց այդ շեմն իջեցնել, երբ եկամտահարկի 1 տոկոսը կազմում է 13 միլիարդ դրամ, մինչդեռ` ամբողջ տուրքը մեկ տարվա համար ընդամենը 5 միլիարդ դրամ է: Բացի այդ, ըստ պատգամավորի, բանակին բյուջեից հատկացված է 209 միլիարդ դրամ, և խոսել, որ կթալանեն այդ գումարները, աբսուրդի դաշտից է:
«Կան վեհ գաղափարներ` Արցախի հետ կապված խնդիրը, Ցեղասպանության խնդիրը, բանակ, պետություն... Խոսքը գնում է պետական տուրքի մասին, դրանում յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության մասին: Կարող է ժամանակի ընթացքում մտցնեն դրույթ, որ ով չի ցանկանում վճարել, թող դիմում գրի ու հրաժարվի, դե տեսնեմ` քանի՞ հոգի դիմում կգրի: Սա ազգ-բանակ գաղափարախոսության իրականացման կողմերից մեկն է»,- ասաց պատգամավորը:
Վարդան Այվազյանը դեմ է, երբ 1000 դրամի հարցը շփոթում են թալանի, անարդարության և այլ խնդիրների հետ: Պատգամավորը օրինակ է բերում Իսրայելի բանակը, որտեղ նույնպես գործում է ազգային տուրք գաղափարը, և այսօր այդ պետության բանակը ամենամարտունակն է տարածաշրջանում:
Լրագրողների դիտարկմանը, որ ժողովուրդը չի վստահում իշխանություններին, քանի որ բոլորը գողանում են, Այվազյանը պատասխանեց. «Եթե անգամ ես գողացել եմ, համենայն դեպս, ստեղ ներկայացնողների շատերի պապաներից ավելի քիչ եմ գողացել: Ես էլի եմ ասել` պետք է ստուգել, ով գողացել է պետական բյուջեից, պետք է ձեռքերը քոքից կտրել, ես դրան կողմնակից եմ»: