կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-21 17:32
Քաղաքական

Կմնա՞ն, արդյոք, անդրդվելի

Կմնա՞ն, արդյոք, անդրդվելի

Երբ մեկ ամիս առաջ կազմավորվեց նոր կառավարությունը, նոր վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վերլուծաբանները այն բնորոշեցին «ապաքաղաքական և տեխնոկրատ»: Կարեն Կարապետյանն անկուսակցական է, աշխատանքային փորձով ու ոճով նույնացվում է մենեջերի հետ: Անկուսակցական է նաև նոր նախարարների մեծ մասը: Մինչդեռ` նոր կառավարության ձևավորումից երկու ամիս անց` ՀՀԿ համագումարին ընդառաջ, արդեն խոսվում է անկուսակցական նախարարների ու վարչապետի ՀՀԿ-ականացվելու մասին:

Առաջին տեղեկատվությունը անկուսակցական վարչապետի մասին էր: Արդեն իսկ հստակ է, որ առաջիկա ՀՀԿ համագումարում նա դառնալու  է ՀՀԿ-ական`  կուսակցական կառույցում զբաղեցնելով բարձր պաշտոն:

Դրան հաջորդեցին լուրեր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի` ՀՀԿ-ական դառնալու մասին: Հենց ինքը` նախարարը, հաստատեց այդ լուրերը` ասելով, որ դա տեղի կունենա ՀՀԿ-ի առաջիկա համագումարում:

Հիմա արդեն նախարարներն են անկարկներ անում ՀՀԿ-ական դառնալու վերաբերյալ: Սակայն ոչ վաղ անցյալում նույն այդ նախարարները լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ական կդառնան, ասում էին, որ չեն դառնա, կամ լավագույն դեպքում խուսափում էին ուղիղ պատասխանից:

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հարցին պատասպանել էր, որ  ՀՀԿ-ին անդամակցելու  ցանկություն չունի, իսկ այժմ կասկածում է` ասելով. «Մի քանի անգամ էլ որ այդ հարցը տաք, արդեն կսկսեմ լուրջ մտածել»:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը սկզբում ասում էր, որ չի մտածել կուսակցական դառնալու մասին, հիմա ասում է, որ եթե առաջարկեն, ինքը լրջորեն կմտածի:

Էներգետիկայի, տրանսպորտի և կապի նախարարները չեն բացառել, որ կանդամակցեն ՀՀԿ-ին:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը սկզբում ասում էր, որ կուսակցական դառնալու ցանկություն չունի, որ մշակույթը պետք է զերծ լինի կուսակցականությունից, իսկ հիմա ասում է, որ կառավարման խորհրդարանական եղանակը «ստիպելու» է դառնալ կուսակցական, մասնավորապես` ՀՀԿ-ական:

Կառավարության կազմում արդեն իսկ 6 ՀՀԿ-ական կա`  փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը,  Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով նաև ՀՀԿ ԳՄ անդամ է, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Երեք անկուսակցական նախարարներ են մնացել, ովքեր դեռ չեն հայտնել ՀՀԿ-ական դառնալու մտադրության մասին, նրանք են` ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Տեսնենք` ՀՀԿ համագումարը հիմնովին կկուսակցականացնի՞ անկուսակցական նախարարներին, թե՞ ոմանք անդրդվելի կմնան: